Aravot.am-ի հարցին, թե կառավարությունը հիմնականում հրաժարվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը հատկացվող ցածր տոկոսներով վարկեր տրամադրել արեւային էներգիա ստանալու ծրագրեր ներկայացրած մեր գործարարներին, մտավախություն չունե՞ք, որ այս բիզնեսը մեր երկրում այդպես էլ չի զարգանա, հաշվի առնելով, որ «Հայէլցանցերը» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները մեծ թվով բաժանորդներ կկորցնեն, արեւային էներգիան ներդնելու դեպքում, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն ասաց, որ եթե մարդը չի կարողանալու վճարել սպառած գազի, լույսի համար, միեւնույն է՝ այդ ընկերությունները բաժանորդներ են կորցնելու:
«Սպառողների աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանն ու Թամարա Բաբայանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում վստահեցրին, որ արեւային էներգիան Հայաստանում զարգանալու շատ մեծ պոտենցիալ ունի:
«Այն, ինչ մեզ խանգարում է` էլեկտրաէներգիայի թանկացումը, մեզ կօգնի: Մենք ավելի արագ կանցնենք արեւային էներգիայի կիրառմանը»,-համոզված է Աշոտ Միրզոյանը:
Նրանք կոչ արեցին արեւային էներգետիկայով զբաղվող կազմակերպություններին եւ անհատներին միավորել՝ առաջարկելով Էներգետիկայի նախարարությանը կից ստեղծել արեւային էներգետիկայի զարգացման խորհուրդ: Ներկայացված ծրագրով նախատեսում են օրենսդրական բարեփոխումներ, քանի որ առանց դրա դժվար կլինի առաջ գնալ:
Կարդացեք նաև
Տիկին Բաբայանի տվյալներով, օրինակ՝ երեք սենյականոց բնակարանը արեւային էներգիայով տաքացնելու համար կպահանջվի 2000-ից 5000 դոլար արժողությամբ սարքավորում: Այս եղանակով բնակարանը տաքացնելու համար մեկ կիլովատի համար սպառողը կվճարի 80 դրամ:
Թամարա Բաբայանն ասաց, որ արեւային էներգիան ներդնելու համար գրեթե խոչընդոտներ չկան, սակայն հանրության իրազեկվածությունը շատ ցածր է, ինչն էլ հնարավոր է խանգարի, որպեսզի այս ծրագիրը նորմալ իրագործվի:
Մեր երկրում արեւային էներգիան զարգացնելու համար այս տարվա հունիսի 27-ին Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր է հաստատվել, որի ընդհանուր արժողությունը 40 միլիոն դոլար է: Ծրագրի կետերից մեկը զանգվածային հելոֆիկացումն է: Ծրագրով նախատեսվում է նաեւ արեւային տեխնոլոգիաներ կիրառող ընկերությունների համար հարկային արտոնությունների կիրառում, արեւային տեխնոլոգիայով աշխատող սարքերի տեղական արտադրության կազմակերպում եւ այլն:
Տիկին Բաբայանը կարծում է, որ մեր երկրում նախեւառաջ պետք է այս էներգիան օգտագործել սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպությունների հոգսերը թեթեւացնելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ