Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Մտցնել ռազմական դրություն և հայտարարել զինակոչ»

Օգոստոս 05,2014 13:50

«Պատերազմը չէր էր վերջացել ու արդեն իսկ վերսկսվեց: Դիրքային պատերազմը վերսկսել է, մնում է միայն հարձակողական փորձերը»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց, թե պատերազմն անխուսափելի է ու շեշտեց, թե «Ինչ լինում է, թող լինի հիմա»:

Այնուհետև շարունակեց. «Ադրբեջանն այդպես չի թողնի, դա հաստատ է: Չեմ կարող ասել երբ, բայց սա կվերաճի պատերազմի: Պետք է պատրաստ լինենք, որ այս անգամ թշնամուն մահացու հարված հասցնենք: Հիմա պատերազմի մեջ մտնելն ավելի ձեռնտու է, քան մի երեք տարի հետո»:

Գրիգորի Այվազյանը ցավակցեց դիվերսիայի հետևանքով զոհված զինվորների հարազատներին ու հավելեց. «Զոհված զինվորները ոչ վերջին, ոչ առաջին զոհերն են, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ ձևով լուծել արցախյան հակամարտությունը»:

Ադրբեջանահայերի ասամբլեայի միության նախագահը սերտ կապեր ունենալով ադրբեջանական ազգային փոքրամասնությունների հետ, ասաց, որ նրանք համամիտ չեն Ադրբեջանի այս դիրքորոշման հետ: Գրիգորի Այվազյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական ճակատի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խաղաղ ճանապարհով արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի որ Ադրբեջանը դրան դեմ է:

Այս առիթով նա ասաց. «Ֆաշիստական Ադրբեջանի ղեկավարությունը համարում է, որ պատրաստ է պատերազմին, փորձում է խոչընդոտել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հաշտություն պարտադրել ուժի միջոցով: Ադրբեջանին կսթափեցնի միայն կանխարգելիչ նախահարձակ հարվածը»:

Հետո էլ հայտարարեց. «Մտցնել ռազմական դրություն և հայտարարել զինակոչ. հիմա մենք ռազմական ավելի լավ պայմաններում ենք գտնվում, քան նախկինում»:

Հարցին՝ ի՞նչ սպասել օգոստոսի 8-9-ին սպասվող՝ Ալիև-Սարգսյան հանդիպումից, պարոն Այվազյանն ասաց. «Ալիևի համար թուղթն արժեք չունի, նա թղթից կախում չունի»:

Պարոն Այվազյանը մարտական է տրամադրված. «Ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան և ազատագրված տարածքներ միայն իմ դիակի վրայով»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է միջազգային հանրությունից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, մինչդեռ ՀԱՊԿ-ը վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանային դիվերսիաներին գնահատական չի տալիս, պարոն Այվազյանը արձագանքեց. «Պահանջելու համար պահանջատերի դիրքից խոսելու իրավունքին պիտի արժանանաս: Իսկ դրա համար պետք է դաշնակցին արժանավայել պահես քեզ ու քո գինը չիջեցնես: Ադրբեջանն ավելի քան քսան տարի ՀՀ-ն ու ԼՂՀ-ն շրջափակման մեջ է պահում: Շրջափակումը պատերազմի ձևերից մեկն է: Սա կարելի է վաղուց համարել պատերազմական գործողություն: Այդ ամենից հետո ինչպե՞ս է նրանց լեզուն պտտվում դիմելու միջազգային հանրությանը, նա մի քանի անգամ ՄԱԿ-ի բանաձևեր է խախտում»:

Գրիգորի Այվազյանը ներքին տեղեկություններ ունի, որ Ադրբեջանում առաջնագիծ են ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հիմա ուզում են հայերի ձեռքով սահմանին մյուս փոքրամասնությունների ցեղասպանություն կազմակերպել:

Դու կարող ես պահանջել միայն այն պարագայում, երբ դու ինքդ քեզնից ես պահանջում, եթե դու քո շահերի պաշտպանության գործում թերանում ես, ակնկալել, որ օտարը դա կանի, շատ դժվար է: Մենք հստակ քաղաքականություն չենք ձևավորել, ուստի ՀԱՊԿ-ի ոչ ակտիվ արձագանքը զարմանալի չէ: ՌԴ-ն ինքը պատերազմական իրավիճակում է, երբ դրանից էլ Ադրբեջանը ոգևորվեց, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է տարածաշրջանից: Եթե Ռուսաստանի արձագանքից երկյուղը չլիներ, ՀՀ-ն կռմբակոծեր Բաքուն, ադրբեջանական ռումբերը կլինեին Երևանում»:

Պարոն Այվազյանը նշեց, թե տեղեկություններ ունի, որ Ալիևը գնաց այս քայլին, քանի որ պատրաստ է պատերազմի ու նշեց. «Ալիևը արկածախնդիր մարդ է, նա ժամանակին Թուրքիայի կազինոներում տասնյակ միլիոնավոր դոլարներ է պարտվել: Ուստի նրանց համար միևնույն է, որ հինգ միլիոն մարդ կկորցնեն, ադրբեջանական թուրքերի համար, ովքեր եկվոր են, այդ տարածաշրջանում ոչ հողն է ափսոս, ոչ մարդիկ: Պատերազմ կլինի, բայց մենք նրանցից վախեցողը չենք: Մենք այն ժամանակ նրանց ծնկի չենք բերել: Բայց պատերազմ կսկսի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուշադրությունը շեղի տարածաշրջանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031