Թուրքական ծայրահեղ ազգայնականների խումբը սպառնացել է ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆատիհ Ակինին՝ Հայոց ցեղասպանության մասին իր «Հատում» ֆիլմի համար, հայտնում է «Հուրիեթ»-ը:
«Օթուքեն» ամսագիրը, որը պատկանում է Թուրքիայի պանթուրանիզմի միությանը, հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Ակինը հարցազրույց է տվել «Ակօս» շաբաթաթերթին:
«Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս» թերթին, հայ ֆաշիստներին և այսպես կոչված մտավորականներին, – ասված է հայտարարության մեջ, – այդ ֆիլմը չի ցուցադրվի Թուրքիայի գեթ մեկ կինոթատրոնում: Մենք մեր սպիտակ կեպիներով և Ադրբեջանի դրոշներով հետևում ենք դեպքերի զարգացումներին»:
Սպիտակ կեպի ասելով՝ թուրք ազգայնականները վկայակոչում են Հրանտ Դինքին սպանողին՝ Օգյուն Սամասթին, որը ոճրագործության պահին սպիտակ կեպի էր կրում:
Կարդացեք նաև
«Հատում» ֆիլմը, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցել Վենետիկի փառատոնում, պատմում է Նազարեթ Մանուկյան անունով մի տղամարդու մասին, որը, փրկվելով ցեղասպանությունից, իմանում է, որ իր զույգ դստրերը հավանաբար ողջ են ու գնում է նրանց փնտրելու:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ