Ավարտվեց Երեւանի 12 վարչական շրջանների 8-11 տարեկան երեխաների միջեւ ավանդաբար անցկացվող «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» մարզական փառատոնը:
Այսօր վարչական միավորների մրցումներում աչքի ընկած երեխաները եզրափակչում քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող մանկական զբոսայգում մրցեցին վերջին` հեծանվավարում մրցաձեւից:
Արդեն 13 տարի մարզական այս միջոցառումը կազմակերպող Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն Aravot.am-ին ասաց. «Այս մրցումները սկսվեցին 2001 թվականից, երբ որոշեցինք ու վերականգնեցինք ֆուտբոլի «Կաշվե գնդակ» մրցումները: Տարեցտարի մարզաձեւերն ավելացան ու երեխաների շրջանում կազմակերպվող մարզական այս միջոցառումը վերածվեց փառատոնի, որը մեկնարկում է մայիսի վերջերին եւ ավարտվում օգոստոսին: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է յոթ մարզաձեւ: Իմաստն այն է, որ ամռանը քաղաքում մնացող երեխաներին ինչ-որ ձեւով զբաղեցնենք, որ նրանք կտրվեն փողոցից: Ու պատկերացրեք, որ ոչ միայն ստացվեց, այլեւ մրցումները, սկսած վարչական միավորների փուլից, մինչեւ քաղաքային եզրափակիչ, անցնում են հետաքրքիր ու զգացմունքային: Ես, որպես Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ, տարվա ընթացքում Երեւան քաղաքի շուրջ 25-30 առաջնություն եւ մասսայական միջոցառում եմ կազմակերպում, այդ թվում նաեւ` «Մարզական ընտանիք», «Համահայկական խաղեր», դրանցից ոչ մեկը, ինչպես ասում են, չեմ փոխի բակային այս խաղերի հետ, որը առողջ սերունդ աճեցնելուն միտված իմաստավորված եւ նպատակային միջոցառում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ