Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կյանքը շարունակվում է նույն հունով

Օգոստոս 05,2014 12:25

Մեր բակում հարևան շքամուտքից 7-ամյա երկու աղջնակ զրուցում են իրար հետ.

– Էսա պատերազմ է սկսելու։ Մամաս ասում է՝ կռիվ սկսելը մազից է կախված,- կարևոր-կարևոր վրա է տալիս նրանցից մեկը։

– Ճի՞շտ։ Թուրքերի հե՞տ… Բա ի՞նչ ենք անելու։

– Էլի հաղթելու ենք դրանց… Բայց մի վախեցիր, դեռ չի սկսվելու,- անսպասելի լուրից մտահոգ ընկերուհուն մխիթարում է հույժ տեղեկացված առաջին աղջնակը։

Ղարաբաղա-ադրբեջանական կամ, այսպես ասած, Արցախյան պատերազմի տարիներին այս երկու աղջնակների ծնողները մոտավորապես այս երեխաների տարիքին են եղել՝ 6-8 տարեկան։ Ու նրանց մանկությունն անցել է նկուղում, հրետակոծությունների, ռմբակոծությունների տակ, դասագրքային-դպրոցական ուսումից բացի, նրանք անցել են դաժան կյանքի դպրոցը, երբ գրեթե ամեն օր լսում էին զոհված բարեկամի, հարևանի, սպանված հայրենակիցների մասին…

Վերջին շաբաթում ղարաբաղա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աննախադեպ ուժեղանալը, մեզ մարդկային և նյութական մեծ կորուստներ պատճառելու նպատակով հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն-հետախուզական ու բացահայտ հարձակողական ձեռնարկումները դարձել են մարդկանց զրույցի հիմնական թեման։

Ի տարբերություն Արցախյան ազատագրական շարժման ու պատերազմի ժամանակների ինչ-որ տեղ միամիտ, նաև աներևակայելի լավատեսական ու հավատավոր տրամադրությունների, այսօր իշխում է իրատեսականը։ Մարդիկ ոչ միայն սառնասրտորեն վերլուծում-մեկնաբանում են մերօրյա ու վերջին ժամանակների իրադարձությունները, այլև հիշում, սթափ ու հանգիստ վերլուծում են անցած պատերազմական տարիների անցքերն ու իրադարձությունները, նորովի հետևություններ անում։ Հիշում են, որ այն տարիներին թշնամու, ադրբեջանցիների բոլոր հաջողությունները կապված են եղել ռուս-խորհրդային բանակի՝ նրանց կողմից իրականացվող ռազմագործողությունների, հայկական հատկապես սահմանային բնակավայրերը հայերից դատարկելուն միտված «պատժիչ» գործողությունների հետ։

Այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել։ Ռուսաստանը բացահայտ զինում է իր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցի թշնամուն (բիզնե՛ս է անում), դրան զուգահեռ, ավելի ու ավելի սաստկացնում ճնշումները Հայաստանի վրա։ Ավելին՝ փորձում, «խաղաղարարներ» մտցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտի, ավելի կոնկրետ՝ Ղարաբաղ։ Իսկ թե ինչի է դա հանգեցնելու, դժվար չէ կռահել՝ արցախյան տարածքների, հայկական հողերի հաշվին առևտուր Ադրբեջանի իշխանությունների հետ։

Որ թշնամու վերջին ակտիվացումը սահմանամերձ գոտում կապված է ռուսաստանյան իշխանությունների «դաբրոյի» կամ անդրկուլիսյան պայմանավորվածության հետ, դրանում արդեն գրեթե կասկած չկա արցախցիների գերակշիռ մասի մեջ։ Ավելին՝ ոմանք ավելի վաղ կանխատեսումներ էին անում, որ ռուսներն ազերիներին շուտով կրկին «քսի են տալու» Արցախի վրա, որպեսզի հետո իրենք «3 ժամ» կամ «3 օր» հատուկ ուշացումով հայտնվեն այստեղ՝ «խաղաղություն» հաստատելու համար։ Շատերն էլ Ադրբեջանի ռազմական աշխուժացումը կապում են Մոսկվայի հետ պայմանավորվածության ու Արցախում սիրված ու հարգված բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ, հետևություն անելով, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի, հատկապես Արցախի վրա։

Աննախադեպ լարվածության մեկ շաբաթում արդեն լուրջ կորուստներ կան թե՛ հայկական, թե՛ հակառակորդի զինված ուժերում։ Արցախի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թշնամին «հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր»:

Ոչ պաշտոնական տվյալներով։ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնում է. «Ադրբեջանցի գործընկերս ասում է՝ իրենք վերջին չորս օրերի ընթացքում ունեն 53 զոհ: Ու դրված է իրենց պաշտպանության նախարարի հրաժարականի հարցը: Ըստ երեւույթին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իրեն փրկելու համար փորձում է սահմանի ինչ-որ հատվածում հաջողության հասնել, բայց չի ստացվում»:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հավաստմամբ, հակառակորդի վերջին ակտիվացման արդյունքում մեզ համար որոշ մանրամասներ են պարզվել։ Այն է՝ նրանց սպառազինության մեջ որոշ փոփոխություններ կան, իսկ գործողություններում՝ ոչ մի փոփոխություն չկա, նույնն է, ինչ պատերազմի տարիներին, առանց որևէ առաջընթացի…

Ես տեղյակ եմ, որ Արցախյան պատերազմի 40-50-ամյա հարյուրավոր տղամարդիկ մեկնել են դիրքեր՝ իրենց ներկայությամբ ոչ միայն բարձրացնելու մեր զինվորների մարտական ոգին, այլև ցույց տալու, որ վտանգի դեպքում իրենք կրկին լինելու են առաջին գծում՝ զենքը ձեռքներին։ Նաև՝ որ ժողովուրդը եղել ու մնում է բանակի, երիտասարդ մեր զինվորների թիկունքում։

Ոչ պաշտոնական մի լուր ևս։ Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է, որ Հորադիզի շրջանից մինչ Մարտակերտի շրջանին սահմանակից ադրբեջանական առնվազն 6 գյուղեր գրեթե դատարկվել են. բնակիչները վախից լքել են իրենց տները։

Արցախում կյանքը շարունակվում է նույն հունով, ինչպես ամիսներ, տարիներ առաջ։ Վերջին կիրակի օրը մայրաքաղաքում շարունակվում էին հարսանիքները՝ «ավանդական», ավտոմեքենաների ականջ սղոցող ազդականչ-ոռնոցների ներքո։ Նորապսակների ավտոշարասյունը, դարձյալ «ավանդաբար», Չախչախ թագավորի աղվեսի պես առաջնորդում է տվյալ հարսանյաց հանդեսին կցված, այսպես կոչված, օպերատորը՝ տեսախցիկն ուսին:
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ստեփանակերտ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031