Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը. medialab.am

Օգոստոս 05,2014 11:16

Սահմանային լարվածությունը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով Ադրբեջանի շարունակ սպառազինվելու եւ ռազմաշունչ հռետորաբանության օբյեկտիվ պատճառից բացի նաեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի շահագրգռությունը կարող է ունենալ:

Բացի այս, Արա Պապյանի խոսքով չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը վերջին շրջանում հսկայական քանակության զենք է վաճառել Ադրբեջանին եւ պետք է հուսալ, որ նա նաեւ Հայաստանին է տվել կամ վաճառել, որովհետեւ այդ մասին ավելի քիչ լուրեր կան :

Վերլուծաբանի խոսքով, նման իրավիճակներում վտանգն այն է, որ երբեմն դեպքերը կարող են վերահսկողությունից դուրս գալ եւ, եթե օրինակ Ադրբեջանի գործողությունները հաջող անցնեին եւ նրանք կարողանային ճեղքել հայկական ուժերը, ապա գործողությունն անպայման կզարգացնեին եւ այդ դեպքում, մեծ պատերազմը գուցե եւ չբացառվեր:

«Նրանք դա չկարողացան: Այս լարումից հետո, կարծում եմ, մենք կունենանք որոշակի հանդարտության շրջան»,-ասում է վերլուծաբանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սեփական ռազմական քարոզչության զոհն է դարձել եւ սեփական ժողովրդին հաղթանակներ ցույց տալու կարիք ունի:

«Իմ կարծիքով, այս գործողությունների մեծ մասը Ալիեւի կողմից նախատեսված էր ներքին սպառման համար, բայց վստահ եմ, որ սա հակառակ արդյունքը տվեց: Իրենք հասկացան, որ բավականին թույլ բանակ ունեն: Զենքը` զենք, բայց կարգուկանոնի ու պատրաստվածության առումով նրանք մեծ խնդիր ունեն: Մեր դիրքերի առաջխաղացումը Նախիջեւանի ուղղությամբ, որի մասին քիչ խոսվեց , իրականում լուրջ պարտություն է Ադրբեջանի համար»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նրա կարծիքով, առաջիկայում լարվածությունը կթուլանա եւ Ադրբեջանը կսկսի վերլուծություններ անել ու պաշտոններից ազատել զինվորականներին:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, Արա Պապյանի խոսքով, ստեղծված իրավիճակը պետք է դաս լինի:

«Մենք չպետք է հույս դնենք հերոսության վրա: Ի վերջո, սա քսանմեկերորդ դարն է եւ մարդկային կյանքն ավելի թանկ է: Չպետք է լինի մի իրավիճակ, որ ադրբեջանցի դիվերսանտը կարողանա դիրքերին այնքան մոտենալ, որ մեր զինվորին անզեն վիճակում հանկարծակիի բերի: Մենք այսօր հիանում ենք մեր զինվորի պատրաստվածությամբ, որն անզեն կարողացել է դիմադրություն ցույց տալ, բայց հարց է առաջանում, ինչպես եղավ, որ նրանք խմբով մոտեցան: Ի վերջո, ես չեմ կարծում, որ մեր զինվորն իր դիրքերից շատ էր հեռացել»,-ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով, վերջին դեպքերը ցույց տվին, որ մեզ հարկավոր են նոր ազդանշանային ու դիտման սարքավորումներ:

Հուլիսի վերջին կառավարության նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է 33 մլն դրամ հատկացնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ջիփի դիմաց վճարում կատարելու համար, ինչը բուռն քննարկումների թիրախ էր դարձել: Թանկարժեք գնման հետ համեմատություններ անելով, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, հաշվարկել էին, որ նույնքան գումարով կարելի է գնել 80 դոլար արժողությամբ 1250 հատ շարժման սենսորներ, որոնց գործողության շառավիղը մոտ 60 մետր է, ինչը հնարավորություն կտա վերահսկել սահմանները:

«Ես չգիտեմ, որքանով են ճիշտ այն թվերը, որոնք հրապարակվեցին, բայց մոտավորապես այսպես է, 60 մետրը վերահսկելու համար 80 դոլարանոց սարք է պետք,-ասում է Արա Պապյանը:- Հետեւաբար, 100 հազար դոլարով կարելի է տասնյակ կիլոմետր վերահսկել, իսկ 100 հազարն այսօր մեկ մեքենայի գին է: Եթե պետությունն ի վիճակի չէ, ես կոչ եմ անում համաժողովրդական դրամահավաք կազմակերպել: Եթե տասը կյանք էլ փրկենք, իսկ ավելին կփրկենք, արժե դրան գնալ»:

Էմմա ՔԱԼԱՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031