Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի հետ՝ պարզելու, թե ինչ են պայմանավորվել ՊՆ Ս. Օհանյանի հետ եւ իրականում ինչ է կատարվում շփման գծում, քանի որ կիրակի օրը Է. Շարմազանովը եղել է Տավուշի մարզում։
– Պարոն Շարմազանով, տեղեկացանք, որ կիրակի օրը եղել եք Տավուշի մարզի մի շարք գյուղերում։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է վիճակը սահմանամերձ գոտում, ինչպե՞ս են գյուղացիները դիմակայում ադրբեջանական ռմբակոծություններին։
– Ես եղել եմ Նոյեմբերյանում ու խնդրել եմ մարզպետին, որպեսզի ինձ ուղեկցի այն համայնքները, որոնք ամենաշատն են տուժում հակառակորդի կրակոցներից՝ Դովեղ եւ Բարեկամավան։ Հանդիպում եմ ունեցել նաեւ բանակի հրամանատարության հետ ու կարող եմ հավաստիացնել, որ Տավուշի շրջանի մեր բանակային ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, որեւէ տագնապի խնդիր չկա ու պետք է փառք ու պատիվ ասեմ մեր հայ զինվորներին, որ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։
Դովեղ համայնքի ժողովուրդը «դուխով» ապրում է, այնտեղ մարդիկ բլոտ են խաղում, նարդի են խաղում, մի խոսքով՝ ապրում են իրենց առօրյա կյանքով։ Նույնիսկ մի բան ասեմ. Դովեղ գյուղում Կարեն անունով մի մարդ կա, ով 2002թ. ադրբեջանցի անասնագողերի է բռնել, այդ մարդու տունն ամենաշատն է տուժել այդ կրակահերթերից, ես էլ գնացել էի հարցնեմ, թե ինչի կարիք ունեն, ինչ օժանդակություն է պետք։ Բայց ինձ Կարենը գիտե՞ք ինչ ասաց՝ պարոն Շարմազանով, ամեն ինչ նորմալ է, միայն թե ես ֆուտբոլասեր մարդ եմ, հեռուստաընկերությունները լավ չեն բռնում, որ ֆուտբոլ նայեմ։ Այսինքն՝ մարդը կպած է իր հողին ու այդ կրակոցներն իրեն չեն էլ անհանգստացնում։
Կարդացեք նաև
Եղել ենք նաեւ Ոսկեվան, Կոթի ու Բարեկամավան գյուղերում, որտեղ տեսանք, որ էլի գյուղացիներն ապրում են իրենց առօրյայով, երեխաներն էլ իրենց խաղն էին խաղում։ Որեւէ պանիկա չկար։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում