Հատված արձակագիր, «Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատարներից Հովիկ Վարդումյանի հետ հարցազրույցից:
– Կարծիքներ կան, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ վերջինս էլ այնքան զենք է կուտակել, որ ցանկացած դեպքում կուզենա պատերազմ վերսկսել, Դուք ինչքանո՞վ եք համամիտ նման կարծիքներին։
– Ես երբեք չեմ կիսում այն մոտեցումը, որ եթե զենք է կուտակել, ուրեմն անպայման պետք է պատերազմ լինի, կուտակում են վախեցնելու, իրենց ներքին հարցերը լուծելու համար, եւ, ընդհանրապես, պետությունը պետք է զենք կուտակի, մենք էլ ենք կուտակում, մենք ունենք հրթիռներ, իրենք ունեն հակահրթիռային, համարյա թե բալանսը հավասար է։ Հետո, Ադրբեջանն 1-ին պատերազմի ժամանակ ուներ լավ զինատեսակներ, բայց չուներ լավ մասնագետներ, օրինակ՝ պատերազմի ժամանակ իրենք ունեին մի ռազմական օդաչու, ով առաջին օրերին զոհվեց, ու հերոսի կոչում տվեցին, դրանից հետո իրենց տանկերը, ինքնաթիռները, ողջ զրահատեխնիկան աշխատացնողները ռուսներ ու ուկրաինացիներ էին։
Իրենք չունեն հայերի մտավոր ուժը, իսկ այդ ամենն իրենք հաշվի առնում են, դրան էլ գումարած, որ արտաքին ուժերը, մեծ տերությունները չեն ուզի, որ այստեղ պատերազմ լինի։ Բացի դրանից, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում իրավիճակը ժողովրդի եւ իշխանությունների միջեւ լարված է, որովհետեւ այնտեղ էլ ամեն ինչ յուրացնում են մի 20 հոգի, իսկ ժողովուրդը քաղցած վիճակում է, իրենց մոտ դա ավելի վատ է, որովհետեւ գիտեն՝ նավթը, գազը, փողը կա, բայց իրենք էլի քաղցած են, իսկ եթե պատերազմ սկսվի, տնտեսական վիճակն ավելի կվատանա, եւ ժողովուրդը կարող է ըմբոստանալ, որովհետեւ դժգոհությունները հասնում են գագաթնակետին։ Դրա համար ոչ մերոնք կուզենան պատերազմ, ոչ նրանք։ Ուղղակի երկուստեք պատերազմի ուրվականով վախեցնելու խնդիրը կա։
– Ինչքանո՞վ է նորմալ բանակ ունեցող երկրի համար, երբ ջոկատներ են կազմվում եւ կամավորներ մեկնում սահման, առավել եւս, երբ 92 թվականը չէ։
– Մենք ունենք բանակ, բայց, դժբախտաբար, մեր թվաքանակը չի ապահովում մեր բանակի բնական, նորմալ չափը։ Այդքան երիտասարդ կադրեր չունենք, որ գնան, սահմանը պահեն, կապված արտագաղթի եւ տարբեր բաների հետ։ Բացի դրանից, այդ հին տղերքը որ գնում են, այսօր կռվի փորձ ունեն, վախը հաղթահարած մարդիկ են, 94թ.-ին էլ, չնայած բանակն ուժեղ էր, բայց էլի չէր բավականացնում, եռամսյակը մեկ հավաքագրում էին եւ ուղարկում վաշտեր, էլի մենք մեր տղերքով գնում էինք իրենց հետ իրենց ոգին տեղը պահելու եւ շատ բաներ ցույց տալու համար, ամենակարեւորը ոգին է։ Այսօր էլ այդ տղերքը որ գնում են, ոգի են երիտասարդների համար, դա պետք է։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Գրական թերթի»