Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ովքեր դեմ են պատերազմական լուծմանը` նրանք մեր դաշնակիցներն են, ում ձեռնտու են նոր պատերազմական գործողությունները` նրանք Ադրբեջանի դաշնակիցներն են». 1in.am

Օգոստոս 04,2014 22:03
Davit shahnazaryan

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

 

 

 – Պարոն Շահնազարյան, հստակ է, որ մենք հիմա ունենք օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը, և ըստ երևույթին Ռուսաստանի նախագահը պետք է այդ հանդիպումը կազմակերպի և նրա միջնորդությամբ է լինելու: Այս հանդիպումը հրապարակից հանում է դեռևս Օլանդի այցի շրջանակներում հայտարարված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայում, ապա ինչու չէ` նաև հնարավորություն կար, որ կարող է նաև ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում լիներ այդ հանդիպումը: Ուորլիքից սկսված գործընթացը կարծես թե վիժեցվում է այս հանդիպմամբ:

– Նախ նշեմ, որ Ադրբեջանի այդ ծրագրերի մի մասը, համենայնդեպս` ահաբեկել Հայաստանին և Արցախին, դրանք ամբողջովին տապալվեցին, և այժմ Ադրբեջանը ունի շատ լուրջ ներքին խնդիրներ, որովհետև Ադրբեջանում արդեն շատերը նույնիսկ բացահայտ գրում են, որ սա ակնհայտ ադրբեջանական կողմի նախաձեռնություններն են, հարձակումներն են, և դա արդեն ակնհայտ է դառնում: Նույնիսկ Ադրբեջանի վերլուծաբաններն են նշում` «այդպես չի լինում, որ հարձակվող կողմն է ավելի շատ զոհեր տալիս, որովհետև ակնհայտ է, որ դա մեր նախաձեռնությունն է»: Բացի այդ, Արցախի իշխանությունները ներկայացնում են անհերքելի ապացույցներ` այն հատուկ միջոցները, հատուկ զենքերը, որոնք ունեցել են դիվերսանտները, այսինքն` մեր ձեռքում են հայտնվել, այսինքն` մեր դիրքերում է դա տեղի ունեցել, և հիմա ներքին խնդիրներ ունի Ադրբեջանը: Անկեղծ ասած` ես սպասում եմ, որ նրանք պատրաստվում են պատասխան հարվածների, բայց ես վստահ եմ, որ մեր զինված ուժերը, հատուկ ծառայությունները, չնայած  զոհերին, իրենց գործը հաջողությամբ կատարել են` ի տարբերություն արտաքին քաղաքական ոլորտի: Կարծում եմ` այս վերջին գործողություններից մեկի մասին նախօրոք մերոնք ունեցել են տեղեկություն, և ադրբեջանցիներն ուղղակի ծուղակն են ընկել: Փառք ու պատիվ մերոնց:

Ինչ վերաբերում է ձեր հարցին` այո՛, առաջին` Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ տեսեք, դուք ուզում էիք կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպում, չստացվեց, մենք շատ արագ կազմակերպում ենք: Երկրորդ՝ ի՞նչ կհաջողվի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը երբեք խնդիր չի ունեցել հարցը կարգավորելու, կհաջողվի՞ արդյոք նրան թուլացնել այս լարվածությունը: Եկեք պարզ հասկանանք, որ այսօր հրադադար չկա: Հիմա հրադադարի փոխարեն մենք ունենք դիրքային պատերազմ: Կհաջողվի՞ վերահաստատել զինադադարը, դրա համար Ռուսաստանը մեկ բան պետք է անի ընդամենը,- անձամբ ինձ համար ցանկացած քայլ կլինի ոչ բավարար և բացառապես Մինսկի խմբի և միջազգային հանրության դեմ ուղղված,- առաջիկա հանդիպմանը, եթե այն կայանա, հաջողվի հասնել նրան, որպեսզի կողմերը վերահաստատեն 1995 թվականի փետրվարին երեք կողմերի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների պայմանագիրը, որը կոչվում էր «Զինադադարը ամրապնդելուն ուղղված միջոցների մասին»: Եթե դա եղավ, ինչ-որ կերպ կարելի է դա արդարացված համարել, իսկ եթե չեղավ, նշանակում է, որ սա ուներ քարոզչական նշանակություն Ռուսաստանի համար:

– Նույն Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի իրավիճակի թուլացմամբ:

– Ռուսաստանն ուզում է սրացումը կամ թուլացումը ամբողջապես վերահսկվի իր կողմից: Առայժմ դա ստացվում է:

 – Այստեղ երկու նպատակ կարող է հետապնդվել: Մի կողմից` փաստորեն միջազգային հանրությանը ցույց տալ, որ ուկրաինական պատերազմը չի խանգարել իրեն, որպեսզի, օրինակ, ինքը շարունակի Կովկասում միայնակ իրավիճակը տնօրինել և ավելի լավ, քան ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երկար ժամանակվա փորձերից հետո: Միաժամանակ լուծել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության հարցը: Այսինքն` պատերազմի այս սպառնալիքով Հայաստանին ստիպել, որպեսզի այդ անցակետը դրվի: Երկրորդ` քանի որ փորձ է արվում նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և նավթից` հասկանալի է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Էրզրում գազամուղներով մատակարարման ծրագրի հաշվին, ապա պատերազմի արդյունքնում հասնել նրան, որ դրանք վնասվեն, և Ռուսաստանն օգտվի դրանից:

– Կան նաև այլ պատճառներ: Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը էապես մեծացնելու է իր դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում: Ռուսաստանը հիմա սեղմված լինելով բոլոր կողմերից, հայտնվելով քաղաքական, տնտեսական մեկուսացման մեջ` իր շուրջը փորձում է նոր ապակայունացման կետեր ստեղծել: Ընդ որում` ռուս վերլուծաբանները այդ հարցում մեղադրում են Արևմուտքին: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը`  ԼՂ հակամարտության գոտու միլիտարիզացիայի ամենամեծ դերակատարը, հիմա միաժամանակ փորձում է, այսպես կոչված, խաղաղարարի դեր ստանձնել, որն անընդունելի է բացարձակապես: Հսկայական զենք-զինամթերք տրամադրելը արդեն իսկ մեծ քաջալերում է: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարեցին, որ կողմերից որևէ մեկին զենք կամ զինամթերք մատակարարելն օրենքով է արգելված:

Ի՞նչ է սպասվում: Եթե Սոչիի հանդիպումը տեղի ունեցավ, կարծում եմ` Հայաստանը պետք է առաջինը միջնորդի, որ եռանախագահներն անհապաղ այցելեն տարածաշրջան: Երկրորդ` իրենք ևս պետք է մասնակցեն Սոչիի հանդիպմանը և պնդեն հենց այդ կետի վրա` զինադադարի ամրապնդման միջոցների, պայմանների վերադարձ:

Հայաստանը պետք է բարձրացնի նաև շատուշատ հարցեր: Ադրբեջանը ինքը կատարելով այս ամենը, ինչում ոչ մի կասկած չկա, քանի որ հարձակողական նախաձեռնությունը, դիվերսիոն գործողությունները գալիս են Ադրբեջանի կողմից, Հայաստանը պետք է պահանջի շատ հստակ վերաբերմունք միջազգային հանրության կողմից և առաջին հերթին` համանախագահներից: Եթե ոչ հրապարակայնորեն, ապա եռանախագահները պարտավոր են ամենախիստ ձևով Ադրբեջանի առաջ դնել այդ հարցը: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ իմանալ, և այդ բալանսավորման պահումը արդեն ի վնաս մեզ է: Շատ ակտիվ գործողություններ են պետք արտաքին քաղաքական ոլորտում: Այստեղ պետք է նույնիսկ հստակ օգտագործվեն նաև ոչ պետական լծակները, քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հասարակությունը, սփյուռքը պետք է շատ հստակ, Ցեղասպանության հարցը հետապնդելուց բացի, առաջ տանի ԼՂ հարցը, և հատկապես ԱՄՆ սփյուռքը: Այս իրավիճակում սփյուռքը պետք է մեծ աշխատանք կատարի, և առնվազն մի քանի կոգրեսմեններ այս իրավիճակում բարձրացնեն ԼՂՀ ճանաչման հարցը: Արտաքին քաղաքական ոլորտում առանձնապես մեծ քաղաքական ակտիվություն պետք է ցուցաբերի Լեռնային Ղարաբաղը:

Մենք հստակ պետք է հասկանանք մի բան` ՀԱՊԿ-ը մեզ համար ոչ միայն անվտանգության երաշխավոր չէ, այլ նոր սպառնալիք է: ՀԱՊԿ-ը դա կազմակերպություն չէ, ՀԱՊԿ-ը դա այն երկրներն են, որոնց հետ Ռուսաստանը նմանատիպ պայմանագրեր ունի, և ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Ո՞ւր է ՀԱՊԿ-ը, չկա, գոյություն չունի որպես այդպիսին: Հիշեցնեմ Բիսմարկի խոսքերը. «Ռուսաստանի հետ ցանկացած պայմանագիր չարժե ավելին, քան այն թղթի կտորը, որի վրա դա ստորագրված է»: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ Ռուսաստանը թքած ունի իր ստորագրության վրա: Հիմա նա ընդհանրապես իր միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրն է խախտում:

Մենք հստակ պետք է հասկանանք, որ հիմա ոտքի վրա հարկ է ՀՀ անվտանգության կոնցեպցիան արագ փոխել, պետք է այն դիվերսիֆիկացնենք: Մենք ունենք պոտենցիալ շատ լուրջ դաշնակիցներ, օրինակ՝ Իրանը: Բանաձևը պետք է լինի այսպիսին՝ ովքեր են մեր դաշնակիցները: Ովքեր կողմ են խաղաղ բանակցմանը` նրանք մեր դաշնակիցներն են: Բավական մեծ միջազգային պոտենցիալ կա, որ մենք կարող ենք օգտագործել, բայց այստեղ կոնսոլիդացիա է պետք արտաքին քաղաքական հարցերում, պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները և ոչ միայն Արտգործնախարարության լծակները, շատ աշխույժ և շատ արդյունավետ պետք է աշխատեն մեր դեսպանությունները: Ենթադրում եմ, որ իշխանությունները առանձին Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների հետ հավանաբար հանդիպումներ են ունեցել և կունենան, բայց այնպես չլինի, որ արտաքին քաղաքականությունը սկսենք տանուլ տալ, նաև տեղեկատվական պատերազմում սկսենք տանուլ տալ: Օրինակ` 90-ական թվականների մեր հաջողությունները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ ռազմական, արտաքին քաղաքական, տեղեկատվական գործողությունները խիստ ներդաշնակեցված էին իրար: Ցավոք, հիմա ես դա չեմ տեսնում:

Վստահ լինելով Հայաստանի և Արցախի բանակի և հատուկ ծառայությունների զգոնությանը և նրանց պատրաստ լինելուն` կրկնում եմ մեկ անգամ էլ, որ ես հարված եմ սպասում Ադրբեջանից առաջիկա օրերին, և պետք է մեծ ակտիվություն լինի իմ նշած ոլորտներում: Ովքեր դեմ են պատերազմական լուծմանը, նրանք մեր դաշնակիցներն են: Եթե Թուրքիան փորձում է հանդես գալ քիչ թե շատ օբյեկտիվ դիրքերից, միակ երկիրն էր, որ ցավակցություն հայտնեց ադրբեջանցիներին: Նրանք դիկտատուրայի պայմաններում ծառայող զոհեր են: Նրանց էլ է պետք հասկանալ: Կուզենայի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանի այս ագրեսիվ, ապակայունացնող և Մոսկվայի թելադրանքով համատեղ շահերով արվող քաղաքականությունը զուգորդվում է Ադրբեջանում լուրջ հետապնդումներով ու ճնշումներով` ի դեմս այն անձանց և գործիչների, ովքեր խաղաղ կարգավորման կողմնակից են: Այսօր ում ձեռնտու է անկայունությունը, նոր պատերազմական գործողությունները` նրանք Ադրբեջանի դաշնակիցներն են, մյուս բոլորը մեր դաշնակիցներն են: Բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել, որտեղ Ուկրաինայի իրադարձություններին Հայաստանի արձագանքը չբարձրացրեց մեր միջազգային հեղինակությունը, հիմա պետք է դա բավական արագ կատարել և հույսը չդնել օգոստոսի 8-ի Սարգսյան-Ալիև հանդիպման վրա, որովհետև եթե դա նույնիսկ կայացավ և մասնակցեց նաև Մինսկի խումբը, ապա դա լինելու է այս իրավիճակից կախված հանդիպում: Պետք է պատրաստ լինել լուրջ բանակցային գործընթացի և պատրաստ լինել շարունակել արժանի հակահարվածը, որովհետև այն միֆը, որ Ալիևը ստեղծել է իր բանակի մասին` հիմա փլվել է:

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Իրանի հետ սերտ դաշնակցելը պարզապես անհրաժեշտ է: Իսկ Ռուսների հետ պիտի աշխատել հստակեցնել խաղի պայմանները: Նրանք պարզապես ցանկանում են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, բայց պիտի հասկացվեն, որ արդյունքում կարող են երկուսից էլ զրկվել: Մի պարզ լոգիկա պիտի աշխատի այստեղ՝ Ղարաբաղը տալ ամբողջովին, կամ մաս մաս, նշանակում է պարտվել ու կորցնել: Եթե պիտի արյունալի պարտությամբ տանք, ապա ինչու հանուն ձեր շահի – уважаемые госпада! Կամ այս դեպքում դուք ինչի համար եք պետք? Եթե զիջումներն անխուսափելի են, ապա ավելի լավ չէ ինքներս ուղղակիորեն մեր հարցերը լուծենք հենց ադրբեջների հետ, առանց տարատեսակ միջնորդների? Սոչի հրավիրվածը կամ պիտի ուղղակի տեքստով հարցեր դնի, կամ էլ պիտի հայտարարի, որ ինքն իրավասու չէ հայ ժողովրդի անունից որեւէ ժիջողությունների մասին խոսելու, միայն պահանջելով որ այս փուլում պահպանվի ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ կնքված զինադադարը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031