Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ավելի լավ է՝ նախագահները խոսքերով իրար վրա կրակեն, քան զինվորները՝ սահմանին»

Օգոստոս 04,2014 19:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանի եւ Արցախի սահմանի երկայնքով վերջին օրերի լարվածությունը կարո՞ղ է վերածվել լայնամասշտաբ գործողությունների, պատերազմի: Թ. Պողոսյանը պատասխանեց. «Պատերազմը չի ավարտվել երբեւէ՝ սկսած 1989 թվականից, երբ սկսվեցին առաջին գործողությունները: Ուղղակի կար զինադադարի պայմանագիրը, որը ժամանակ առ ժամանակ խախտվում էր: Ուղղակի մենք պետք է պատրաստ լինենք, եւ միշտ մեզ զգանք որպես մի երկիր, որը ներքաշված է ակտիվության տարբեր փուլեր ունեցող պատերազմի մեջ: Այս անգամ այսպես եղավ: Մենք մեր արժանապատիվ պատասխանը տվել ենք այդ դիվերսիաներին: Այս երկու օրը հանգիստ է, վաղը կարող է նորից լարվել, հետո՝ էլի՝ հանգիստ… չես իմանա… Աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում, Ադրբեջանում ներքին հիստերիա կա՝ իշխանությունում եղած տարբեր մարդկանց եւ խնդիրների հետ կապված, պաշտպանության իրենց նոր նախարարը փորձում է ապացուցել, որ ինքը ինչ-որ մի բան կարողանում է անել… Մենք պետք է այդ ամեն ինչը գիտակցենք եւ միշտ պատրաստ լինենք՝ ճիշտ վարքագիծ եւ ճիշտ քայլեր իրականացնելով»:

Այդուհանդերձ՝ ինչպե՞ս եք գնահատում զինված լայնամասշտաբ գործողությունների սկսման հավանականությունը՝ մեծ, փոքր… մեր այս հարցին էլ պատգամավորը պատասխանեց նույն ձեւով. «Հավանականություն՝ զինադադար կնքած, բայց պատերազմը չավարտած երկրների միջեւ, միշտ էլ կա, բայց դա չենք կարող չափել թվերով կամ տոկոսներով՝ շատ, քիչ, մեծ, փոքր… Ռազմական գործողությունները միշտ էլ կարող են վերսկսել, մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք, եւ գիտակցելով ամեն ինչ, մեր ճիշտ անելիքներով եւ վարքագծով համապատասխանորեն արձագանքենք՝ դրա դեմն առնելով: Մենք նաեւ պետք է գիտակցենք, որ միջազգային հանրությունը հիմա տարբեր խնդիրներով զբաղված է, ամեն երկիր փորձելու է տարածաշրջանում իր շահերով առաջնորդվել, իր շահերն առաջ տանել, մենք էլ, մեր շահերից ելնելով, պետք է կարողանանք մեր խնդիրները հանգիստ լուծել եւ դիմակայել հակառակորդին: Բացի այդ՝ պետք է  կարողանանք քայլ առ քայլ նորմալ տնտեսություն ձեւավորելով, բանակի հզորությունը մեծացնելով, միասնական հասարակություն ձեւավորելով՝ գնանք առաջ՝ Հայաստանում եւ Արցախում»:

Օգոստոսի 8-9-ին Սոչիում ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որեւէ սպասելիքներ ունե՞ք այդ հանդիպումից: «Առավոտի» այս հարցին Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Հանդիպումները պետք է ողջունել, լավ է, որ հանդիպում են, ավելի լավ է հանդիպեն եւ գուցե խոսքերով իրար կրակեն, քան թե զինվորներր՝ սահմանի վրա: Բայց որեւէ նոր բան՝ հարցի լուծման առումով, ես չեմ ակնկալում, քանի որ համարում եմ այդ կիսատ հանդիպումները՝ սխալ ֆորմատով, խնդրի լուծման չեն բերելու: Մինչեւ չլինի Արցախի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն այդ հանդիպմանը, դրանից ակնկալել, որ որեւէ դրական մեծ քայլ կլինի՝ ոչ: Իսկ եթե ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները կարողանան պայմանավորվել, ինչպես ժամանակին, օրինակ,  մայնդորֆյան համաձայնագիր էին ստորագրել, որ պետք է հասարակությունները հանդիպեն, համատեղ ծրագրեր անեն, կամ որեւէ մի այլ բան, կարողանան հետաքննել սահմանների միջադեպերը, շատ ավելի լավ: Բայց դրանից ավելի լուրջ սպասում՝ չունեմ, քանի որ Ղարաբաղը չի ներկայացվում: Եթե իհարկե՝ այդ հանդիպումն ընդհանրապես տեղի ունենա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031