Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում են 48 հայեր Դիարբեքիրից

Օգոստոս 04,2014 18:00

Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցում էր աշխարհի 15 երկրից 182 մասնակից, այդ թվում՝ 48-ը Թուրքիայից:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Հայրենիքն իր թևերը լայնորեն բացել է ձեր առաջ: Համոզված եմ, որ այս ընթացքում ձեր մեջ կարթնանա պատմական անբարենպաստ դեպքերի ազդեցությամբ նիրհած հայրենասիրական գենը»:

Նախարարի տեղակալն ուրախությամբ հայտնեց, որ 6-րդ փուլին մասնակցում են մեր պատմական մայրաքաղաքից՝ Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտից ժամանած իսլամացած հայեր:

«Մեր հայրենակիցների այցը Հայրենիք, հայկական իրականությունը ճանաչելու ամենաճիշտ և ամենաուղիղ ճանապարհն է: Հուսանք, որ այսուհետ Հայաստան-Դիարբեքիր կապն անխափան կլինի, – նշեց Ս.Սրապիոնյանը՝ հավելելով, -Դիարբեքիրում ապրող հայությանն իրենց արմատներին ծանոթացնելու անգնահատելի ջանքերի, ինչպես նաև նրանց այցը Հայաստան կազմակերպելու համար շնորհակալ ենք կանադահայ ինժեներ, բարերար Րաֆֆի Պետրոսյանին, ով նաև անցյալ տարի նախաձեռնեց և իրականություն դարձրեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը»:

5

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը պատմական Տիգրանակերտի հայության այցը Հայրենիք կազմակերպելու համար՝ Րաֆֆի Պետրոսյանը նշեց. «Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը, կարծես, մագնիս եղավ այնտեղի հայության համար՝ սեփական արմատներին վերադառնալու, ազգային ինքնությունը վերագտնելու գործում»:

Այնուհետև խոսեց Դիարբեքիրից ժամանած խմբի ղեկավար Գաֆուր Թուրքայը (Օհաննես Օհանյան): «Շնորհակալ ենք մեզ այսպես ջերմորեն հյուրընկալելու համար: Մենք հուզված ենք՝ այսքան հայություն մեկ տեղում միախմբված տեսնելով: 99 տարի Դիարբեքիրում կյանքը, կարծես, կանգ առած լիներ, 99 տարի անց մեր ձեռքերի շղթաներն այլևս արձակված են: Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայերից շատերն ապաստանեցին եվրոպական, ամերիկյան, արաբական երկրներում: Բայց ամենից դժվարը մեզ համար էր՝ մնալ Արևմտյան Հայաստանում, մեր հողում՝ կորցնելով մեր անունն ու ազգանունը, մեր կրոնը: Շատ ուրախ ենք, որ այսօր Տիգրանակերտում արմատներին վերադառնալու մեծ շարժում է սկսվել», – նշեց Գաֆուր Թուրքայը՝ հավելելով, որ Գաֆուրն իր թրքական անունն է, և ինքը միայն վերջերս է վերադարձել քրիստոնեական արմատներին՝ վերագտնելով իր հայկական ազգանունը՝ Օհանյան:

Մասնակիցը նշեց նաև, որ բարերար Րաֆֆի Պետրոսյանի նախաձեռնությամբ Դիարբեքիրում 2013թ. առաջին անգամ կազմակերպվեցին հայերեն լեզվի ուսուցման դասընթացներ: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարությանն ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ից ժամանած Նյու Յորքի հայ համայնքի ղեկավար, «Անմիջական օգնություն հայերին» բարեգործական միության հիմնադիր տնօրեն Սվետլանա Ամիրխանյանը, ում նախաձեռնությամբ 13 երիտասարդ են մասնակցում «Արի տուն» ծրագրին: Սվետլանա Ամիրխանյանը նշեց, որ Նյու Յորքում բնակվող հայերից շատերը նույնպես Ցեղասպանությունից և Բաքվի ջարդերից մազապուրծ հայերի սերունդներն են, ովքեր կորցրել էին իրենց հայկական ազգանունները և միայն վերջերս վերագտան ու փոխեցին ազգանունների վերջավորությունը՝ վերականգնելով յան մասնիկը:

Մասնակիցներին հայկական պարերով ողջունեց «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը, որ վերջերս էր վերադարձել Արևմտյան Հայաստանից: Միջոցառման ավարտին «Մարգարիտներ» համույթին միացան նաև Դիարբեքիրից եկած հայերը, ինչպես նաև ծրագրի մյուս մասնակիցները և միասին հայկական պար պարեցին:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցները հանդիսավոր բացումից անմիջապես հետո այցելեցին Երևանի Պատմության թանգարան և Օշական՝ ծաղիկներ դնելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031