Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ դատավճռի, ամբողջությամբ ապացուցվել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները:
«Հարությունյանը վարել է տարանցիկ համարներով չգրանցված տրանսպորտային միջոց, չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին՝ արագությունը հասցնելով վտանգավոր մակարդակի, ուշադիր չի եղել այլ երթևեկողների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցին», – հայտնել է դատավորը:
Դատավճռում ասվում է նաև, որ Հարությունյանը տեղյակ էր բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին և ինքն իրեն գիտակցաբար այնպիսի վիճակի մեջ է դրել, որ չի կարողացել վերահսկել մեքենան և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով ավտովթար է եղել և մարդիկ են զոհվել:
Կարդացեք նաև
Վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հուլիսի 4-ին հայտնել է, որ ավտովթարի հետևանքով զոհվածների և տուժածների հարազատները քաղաքացիական հայց են ներկայացրել Հարությունյանի դեմ՝ պահանջելով 16 միլիոն ռուբլի` որպես բարոյական փոխհատուցում: Մարգարյանը նշել է, որ Հարությունյանը մասնակի ընդունել է հայցի պահանջները. նա համաձայն չէ հայցում նշված գումարի մասով, քանի որ, ինչպես ինքն է ասել, այդքան գումար չունի:
Դատարանը հուլիսի 4-ին լսել է նաև Հարությունյանի վերջին խոսքը, որում նա կրկին ներողություն է խնդրել զոհերից և տուժածներից: Նա ասել է, որ անկեղծորեն ցավում է կատարվածի համար, ու եթե ժամանակը վերադարձնելու հնարավորություն ունենար, ապա ոչ մի դեպքում թույլ չէր տա, որ այդ վթարը տեղի ունենար:
Տուժածների հարազատներն իրենց վերջին խոսքում դիմել են դատարանին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Հարությունյանին աշխատանքի ընդունած գործատուին:
Այս պահին դատարանը շարունակում է դատավճռի հրապարակումը, սպասվում է, որ այն կտևի 6 ժամ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ