Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ադրբեջանական կողմի արձակած կրակոցները նվազել են:
Բայց գյուղապետն առանձնապես չի ուրախացել:
«Մեկ կրակում են, մեկ` չէ: Դե լավ կլինի շարունակվեր, կամ էս կողմ կլինեինք, կամ` էն կողմ»,- Aravot.am-ին ասաց գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Մեր հարցին` ադրբեջանական կողմի վերջին օրերի գործողությունները պատերազմի վերսկսման մասին հուշո՞ւմ են, գյուղապետը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ գյուղացիներն էլ են մարտական տրամադրվել. «Գրավելու ենք սաղ, թող ադրբեջանցիները մտածեն: Ամբողջ Հայաստանով մեկ մարտական կանգնած ենք»:
Կարդացեք նաև
Պարոն Մադաթյանի խոսքով, դիրքերում, սահմանին հայկական կողմը գերազանց է աշխատում ու իրենք կասկած չունեն, որ իրավիճակը վերահսկելի է. «Կոմունիստների ժամանակվա 5 եմ գնահատում սահմանին կանգնած մեր զինվորականներին»:
Պարոն Մադաթյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ զարգացումներ է սպասում առաջիկա օրերին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:
«Չեմ կարող ոչինչ կանխատեսել, գիտեմ միայն, որ լրիվ մեր ուզածով է լինելու, մենք ուժեղ ենք, պինդ ենք, ինչ էլ լինի մեր ուզածով է լինելու: Ես մի նախագահ եմ ճանաչում` Հայաստանի նախագահ, Ադրբեջանում նախագահ չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ