Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը

Օգոստոս 04,2014 17:05

1992-ին կնքված Հավաքական անվտանգության համաձայնագրի 4-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Կազմակերպության անդամ ցանկացած երկրի հանդեպ ագրեսիայի (երկրի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ռազմական հարձակում) դեպքում բոլոր մյուս անդամ պետությունները, այդ երկրի խնդրանքով, անհապաղ կտրամադրեն վերջինիս անհրաժեշտ, այդ թվում ռազմական օգնություն»:

Հարց է առաջանում, արդյոք ՀԱՊԿ-ը պե՞տք է միջամտի շփման գծում վերջին օրերին գրանցված լարվածությանը:

Hrant_Meliq_shahnazaryanՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում շեշտեց այն հանգամանքը, թե ըստ համաձայնագրի՝ Հայաստանն ինքը պետք է դիմի ՀԱՊԿ գործընկերներին և պահանջի միջամտություն ու մեկնաբանեց. «Այս պահի դրությամբ ՀՀ-ն դեռ պատրաստ չէ և չի ցանկանում որևէ կողմից միջամտություն կամ աջակցություն խնդրել այս գործում և փորձում է հարցը կարգավորել բանակցային գործընթացում: Համենայնդեպս, Սոչիի հանդիպման մասին առաջինը հայկական կողմն է հայտարարել: Ակնհայտ է, որ մենք ձգտելու ենք հարցը լուծել Սոչիում: Բայց եթե չստացվի, դա զինանոցի այն գործիքներից է, որը ըստ անհրաժեշտության կօգտագործվի»:

Քաղաքագետը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից նախաձեռնության հույս չունի և համոզված է, որ ՀԱՊԿ անդամ երկրները նման ցանկություն չունեն , և «եթե միջամտելու են՝ մեր պահանջով, կամ ստիպված լինելու պայմաններում»:

Մեր դիտարկմանը, բայց գոնե Հայաստանը ՀԱՊԿ-ից պետք է գնահատական պահանջի շփման գծում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, պարոն Մելիք-Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Պետք է գնահատական պահանջել: Դա պետք է առաջին հերթին մեր դիվանագիտական շահերից բխեր: Մեր դիվանագիտական ապարատն ամեն ինչ պիտի աներ, որ դաշնակից պետություններն իրենց գործով, խոսքով ու գործունեությամբ փորձեին կանխել Ադրբեջանի նման գործունեությունը: Ցավոք, այստեղ թերացում կա և′ մեր դաշնակիցների, և′ մեր արտաքին գերատեսչության կողմից»:

Մեր դիտարկմանը, արդյոք ՀԱՊԿ-ի կողմից գնահատականի բացակայությունը չի՞ վկայում այն մասին, որ դիվերսիոն ու ռազմական գործողությունները շփման գծում ինչ-որ առումով հրահրված էին նաև Ռուսաստանի կողմից, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Չէի ասի, որ դրանք հրահրված էին ինչ-որ երկրի, հատկապես Ռուսաստանի կողմից: Ապակայունացումը ՌԴ հարակից տարածաշրջանում, այն դեպքում, երբ կա Ուկրաինայի խնդիր, դա ամենամեծ անսպասելի զարգացումները կարող է ունենալ հենց Ռուսաստանի համար: Քանի դեռ չկան հստակ փաստեր, թե ով է հրահրում, ով՝ ոչ, ես կթողնեի այդ հարցը անպատասխան: Բայց ՌԴ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, ցավոք, ավելի շուտ, քան Հայաստանի ԱԳՆ-ն, որտեղ դատապարտել է սահմանային լարված իրավիճակը և կոչ արել կողմերին վերադառնալ կառուցողական երկխոսության դաշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031