Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթվածից հետո անվանի նկարչին մոռացե՞լ են

Օգոստոս 04,2014 16:54

ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Արկադի Բաղդասարյանը (Արկո) ուղեղի կաթվածի պատճառով մի քանի տարի գամված էր անկողնուն: Ու չնայած հիվանդության արդյունքում մի ձեռքը վատ է աշխատում, նկարիչը շարունակում է իր մեջ ուժ գտնել ու ստեղծագործել:

Նրա արվեստագետ ընկերները մտահոգված են՝ Արկադի Բաղդասարյանի հանդեպ պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվում՝ ոչ պետության, ոչ էլ հանրության կողմից, մինչդեռ նա այն նկարիչն է, որը տարիներ շարունակ պանծացրել է Հայաստանի անունը արտերկրում՝ իր հրաշալի ցուցահանդեսներով:

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) խոսքով՝ Արկոն 60-ական թվականների մեր երեւելի նկարիչներից է : «Նա նաեւ հրաշալի անձնավորություն է, 5-6 տարի է՝ գամված է անկողնուն եւ կարծես հանրությունը մոռացել է իրեն, մինչդեռ Արկոն լուրջ ներդրում ունի մեր մշակույթում: Ընդհանրապես նման մարդկանց հանդեպ ուշադրությունը մեր հասարակության բարոյականության ցուցիչն է. դա առաջին հերթին մեզ համար է արվում, ոչ թե Արկոյի»:

arkadi3

ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը Արկադի Բաղդասարյանին բնորոշում է որպես ինտելեկտուալ նկարիչ ու վառ կերպար, որ հզոր կամքի ուժ ունի, անգամ վերջերս իր մեջ ուժ է գտել տիկնոջ՝ Ռոզայի հետ այցելել Հաղթանակ Շահումյանի 70-ամյակին նվիրված հավաքին: «Մարդ արարածը, ի դեմս Արկոյի, ի՜նչ ներքին ռեզերվներ ունի, այդ ծանր հիվանդությունը հաղթահարել ու ոտքի է կանգնել: Ինքը ի վերուստ ծրագրավորված է, իր մեջ աստվածային ուժ կա, որը Արկոյին օգնում է: Կարծում եմ՝ նա մեզ կուրախացնի նոր գործերով մոտակա երկու-երեք տարվա մեջ, եթե կարողանա լրիվ ապաքինվել:

Արկոն նախ մեզ է ուժ տալիս, դա է ամենահետաքրքիրը: Նա մոռանում է իր ցավը, ուրախանում է երկրով, գեղանկարչությամբ, ամեն ինչով, որովհետեւ բացառիկ անձնավորություն է»,-ասում է Էլիբեկյանը:

arkadi2

Հավելենք, որ Արկադի Բաղդասարյանը, բացի հայաստանյան եւ արցախյան ցուցահանդեսներից, ներկայացել է աշխարհի հայտնի սրահներում, այդ թվում՝ «Մարս» ժամանակակից արվեստի թանգարանում, «Կանստ-Գարտեն», «Մելնիկով», «Մանն», «Գրիմ Եղբայրներ» պատկերասրահներում եւ այլուր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Արկոյի աշխատանքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031