ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Բնականաբար, հանդիպման առիթը Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետեւանքով առաջացած իրավիճակն էր:
Aravot.am-ը հանդիպմանը մասնակցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ են խոսել նախարարի հետ եւ ինչ են պայմանավորվել:
Տիկին Բիշարյանն ասաց, որ քննարկել են այն հարցը, թե առաջիկայում որ տարածքներում են այցեր կազմակերպելու պատգամավորների մասնակցությամբ. «Որոշել ենք այցելել տարբեր տարածքներ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի այլ տարածքներում: Խմբակցություններով կքննարկենք այդ հարցը եւ գուցե միասնական հայտարարություն կանենք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բոլորով միասի՞ն եք գնալու որեւէ տարածք, թե՞ յուրաքանչյուր խմբակցության ներկայացուցիչ տարբեր սահմանամերձ շրջաններում է լինելու՝ Հեղինե Բիշարյանն ասաց, որ դա դեռ չեն որոշել. «Դեռ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ներսում պետք է այդ հարցը քննարկի եւ իր կարծիքը հայտնի: Եթե բոլորը կասեն, որ միասնական ուզում են մասնակցել, կհայտարարենք: Վաղը կամ մյուս օրը դա նոր պետք է որոշենք»:
Մեր հարցին՝ ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ բացատրություններ եղան նախարարի կողմից՝ Հեղինե Բիշարյանը չկարողացավ բացել փակագծերը եւ հանդիպման մանրամասները պատմել. «Ես այսքանը կարող եմ ասել, եւ ոչ ավելին. մեր զինված ուժերը պատրաստակամ են եւ բոլոր հնարավորություններն ունեն՝ թշնամու բոլոր գործողությունները հետ շպրտելու: Այս պահին ավելին ասել չեմ կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ