Հուլիսի 25-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, ինչպես միշտ, վստահեցրել է, որ ինքը որեւէ բիզնես չունի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ փորձագետներն այն կարծիքին են, թե բիզնեսով զբաղվող անձն ու ֆինանսների նախարարի պաշտոնն անհամատեղելի է, պարոն Խաչատրյանը հերքել է, ասելով` «Ես որեւէ բիզնես չունեմ»:
Բիզնես չունեցող այս պաշտոնյայի 2013 թվականի վերջում դրամական միջոցները կազմել են 272 միլիոն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով`2 միլիոն 972 հազար դոլար: Գագիկ Խաչատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր հայտարարագրում նաեւ ներկայացրել է տարեկան աշխատավարձի չափը. այն կազմել է 8 միլիոն 217 հազար 840 դրամ: Այսինքն՝ պարոն Խաչատրյանի ընտանիքը, եթե աշխատավարձը ոչ մի բանի վրա չծախսեր, «չուտեր-չխմեր» ու հավաքեր աշխատավարձը, տարվա վերջում 272 միլիոն դրամ չէր կազմի: Իսկ այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում պարոն Խաչատրյանն ունեցել է 269 միլիոն դրամ եւ 1 միլիոն 970 հազար դոլար, աշխատավարձն էլ կազմել է 10 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի կնոջ` Լաուրա Եփրեմյանի հարստությունն էլ կազմում է 180 միլիոն դրամ եւ 2 միլիոն 765 հազար 200 դոլար:
«Գուցե ինքն ասի՝ ապրում է աշխատավարձով, Երեւանի արվարձաններից մեկում գտնվող 3 սենյականոց բնակարանում, իսկ եթե ինքը չի ասում, որ Երեւանի արվարձանում է ապրում, պիտի ասի, թե որտեղ է ապրում. միգուցե` Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող էլիտար բարձրահարկ շենքում հսկայական բնակարան ունի, ու երեւի կասի, թե նվեր են տվել, կամ` Ծաղկաձորում առանձնատուն ունի, որը որ մի քանի տասնյակ միլիոն դոլարների գին ունի, սա իրեն կրկին նվեր կամ ժառանգություն են տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պարոն Խաչատրյանի` բիզնեսով չզբաղվելու մասին «Հայկական օրաթերթի» տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը, որը բավականին խորությամբ ուսումնասիրել է ֆինանսների նախարարի կյանքն ու բիզնեսը:
Վարչապետի հայտարարած` ստվերի դեմ պայքարի մասին էլ, Գագիկ Խաչատրյանը լրագրողներին վստահեցրել էր, որ խոշոր բիզնեսի նկատմամբ էլ կոշտ են լինելու` հարկերը հավաքելիս: Այս առնչությամբ էլ Հայկ Գեւորգյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Գուցե ինքը, իր բոլոր բարեկամները շատ հաջողակ գործարարներ են, որոնք երբեք դժվարություններ չեն ունենում, չեն սնանկանում, աճում ու բարգավաճում են: Ընկերությունները, որոնք իր բարեկամներինն են, ինքն է խոստովանել, «Յուքոմն է», «Մեգաֆուդն» ու «Մեգասպորտը», «Խրոնոգրաֆը» եւ այլն, եւ այլն, այդ ինչպե՞ս եղավ, որ մյուսների բարեկամներն անհաջողակ են, իրենը` հաջողակ: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում ստվերի դեմ պայքարը չի մղվելու իրական ստվերի դեմ, այլ մղվելու է այն ստվերի դեմ, որն օգնում է, այսպես ասած, ոչ օլիգարխիկ բիզնեսին գոյատեւել օլիգարխիկ բիզնեսի հետ մրցակցության մեջ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հերը սովետական չոբան Եղվարդից, որտեղ «նշանակված» է եղել փոստի վարիչ, ո՞րեղից նրա ոչ թե միլիոնները այլ միլիարդները որ ժառանգություն թողներ ժանգած գագիկին, միգուցե նա էլ էր ժառանգել, բայց ավելի հավանական է որ նա պարզապես ժողովրդից էր գողացել, եթե իրականում գողը նա է եղել… ամոթ չունեն, սրանց երեսին թքես կասեն անձրև է գալիս: