Տավուշի մարզի Այգեձոր գյուղի վրա ադրբեջանական կողմի հարձակումներն արդեն երկու օր է դադարել են:
«Երեկ ու այսօր կրակոցներ չկան»,- Aravot.am-ին ասաց գյուղապետ Սասուն Սաֆարյանը:
Նա նաեւ պատմեց, որ օրեր առաջ ադրբեջանցի դիվերսանտի կողմից վիրավորված իրենց գյուղի բնակիչ Վալերի Ճաղարյանը ապաքինվում է, իսկ դեպքի օրը անհետացած անասուններին էլ գտել են. «Վալերիի առողջական վիճակը նորմալ է: Ակնթարթ է եղել նրա ու դիվերսանտի միջեւ բախումը: Վալերին իր էշով գնացել էր փայտ բերելու, նաեւ փորձել է անասուններին գտնի, ու չխկոց է լսել, շունը հաչել է, գնացել է շան հաչոցի ուղղությամբ, մեկ էլ տեսել է, որ թուրքը թփի տակից դուրս է եկել ու զենքը պարզել, որ կրակի: Վալերին վազելով փորձել է փախչի դեպի ձորը: Նա էլ հետեւից կրակել է, ուսին է կպել, թիակը քերել, մկանային վնասվածք պատճառել»:
Գյուղապետի պատմելով, իրենց գյուղը երբեք այդքան չի գնդակոծվել ադրբեջանցիների կողմից, որքան վերջին շաբաթներին. «Նման բաներ չեն եղել»:
Կարդացեք նաև
Գյուղապետն ասաց, որ պատերազմի վերսկսման մասին խոսելը լուրջ թեմա է, ինքը չի կողմնորոշվում ադրբեջանցիների վերջին օրերի ակտիվացումը ինչով բացատրի. «Բայց որ ակտիվացել են, դա փաստ է»:
Պարոն Սաֆարյանի խոսքով, գյուղում կատարվածից խուճապի չեն մատնվել, բայց զգուշավոր են դարձել. «Գյուղացիներն անհանգիստ են, բայց ոչ վախեցած: Չեն գնում հատապտուղ հավաքելու, անասուններին չենք թողնում ձոր տանեն. վտանգավոր է: Զգուշությունը պահում ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ