Ինչպես հայտնի է, վերջին օրերին, հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական բանակի կորցրած զինծառայողների թիվը Բաքվի տվյալներով հասել է 13-ի, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով՝ առնվազն 26-ի: Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: Ակնհայտ է, որ ռազմական գործողություններում առավելությունը հայկական կողմինն է:
Aravot.am-ը քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկատվական դաշտում և՞ս հայերն առավելություն ունեն, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Դա քանակական չափանիշներով հաշվել հնարավոր չէ և շատ դժվար է գնահատել արդյունքներն ու ազդեցությունը: Բայց կարող եմ ասել, որ այս անգամ, չգիտեմ դա ամառվանից էր, թե մեր ԶԼՄ-ներն են գուցե ավելի ուշադիր սկսել աշխատել, համեմատ նախորդ դեպքերի՝ լուսաբանումն ավելի նորմալ էր ու խուճապային և չստուգված լուրերը քիչ էին: Իհարկե, էլի կային դեպքեր, օրինակ՝ մեր ՊՆ հայտարարությունը որոշ ԶԼՄ-ներ վերցրել էին ադրբեջանական աղբյուրներից, որոնք նենգափոխել էին այդ հայտարարությունը»:
Մեր դիտարկմանը՝ հասարակության շրջանում արդեն խոսում են պատերազմի վերսկսման մասին, պարոն Վրթանեսյանն այսպես արձագանքեց. «Պատերազմը երբեք չի էլ վերջացել, ընդամենը ստորագրվել է հրադադարի համաձայնագիր: Հրադադարն էլ ամեն օր գրեթե խախտվում է: Խոսել, որ պատերազմը սկսել է, սխալ է: Կարելի է խոսել հնարավոր լայնածավալ գործողությունների մասին: Դա էլ պիտի հասկանանք, որ նման հարևան ունենալով՝ միշտ էլ հավանական է պատերազմի վերսկսումը, և կապ չունի՝ խաղաղության պայմանագիր կա, թե՝ ոչ: Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ինչ-որ պրետենզիաներ ներկայացնել, եթե զգա, որ ինքը կարող է ինչ-որ բանի հասնել: Ուստի պետք չէ զարմանալ ու խուճապային տրամադրությունների մեջ ընկնել: Դա մեր իրականությունն է, և ցանկացած պահի էլ իրավիճակը կարող է սրվել: Կես տարի, հինգ տարի առաջ էլ էր այդպես: Երկու տարի առաջ հունիսի սկզբին լրիվ նույն իրավիճակն էր: Միակ տարբերությունն այն էր, որ ադրբեջանական կողմն այս անգամ բավականին զոհեր միանգամից ընդունեց: Այն ժամանակ ավելի շատ էին փորձում թաքցնել: Իհարկե, ինձ թվում է, որ այս անգամ էլ էին ինչ-որ բաներ թաքցրել»:
Հետաքրքրվեցինք՝ հասարակության շրջանում տարածված այն լուրերը, թե երիտասարդների շրջանում զորահավաքներ են իրականացվում, համապատասխանո՞ւմ են իրականությանը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ես այդ մասին չեմ լսել, բայց հավաքների իրականացումը միշտ էլ նորմալ է: Դա մոբիլիցազիոն ռեզերվը մարզված վիճակում պահելու միջոցներից մեկն է ու դա նորմալ է: Խաղաղության և լարված իրավիճակում միշտ էլ դա լինում է: Այս պահին դրանում որևէ արտառոց բան ես չեմ տեսել, քանի որ իրավիճակը լարված է, բնականաբար ինչ-որ միջոցներ են ձեռնարկվում երկու կողմից էլ: Ադրբեջանը հաղորդում է, որ ինքնաթիռներ են բարձրացրել: Դա միշտ էլ անում են, երբ իրավիճակը սրվում է, լրիվ նորմալ երևույթ է, չնայած փորձում են ներկայացնել, թե ինչ-որ միջոցներ են ձեռնարկում: Դա երկու կողմը միշտ էլ անում է նման իրավիճակում»:
Ըստ քարոզչության ոլորտի հետազոտողի՝ ՀՀ իշխանությունների՝ վերջին օրերի գործողությունները համարժեք են իրավիճակին:
Մեր հարցին՝ այն, որ Սեյրան Օհանյանն ու Հովիկ Աբրահամյանը հրատապ մեկնել են Նոյեմբերյան, դա նշանակում է, որ ինչ-որ գործողությունների՞ են նախապատրաստվում, Կարեն Վրթանեսյանն արձագանքեց. «Միշտ էլ, երբ ինչ-որ տեղ ինչ-որ խնդիր լինում է, գնում են: Եթե չգնային, դա ավելի զարմանալի կլիներ: Եթե մեկը հիվանդանում է, գնում են տեսության: Մեզ մոտ էլ մի հարևան վարակ ունենք, երբ սրվում է, ստիպված գնում են տեսնելու, թե ինչ է կատարվում: Մինչ այժմ ինչ արվել է, բոլորն էլ համարժեք գործողություններ են»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ