Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կտարածվե՞ն Հայաստանի վրա

Օգոստոս 04,2014 15:01

Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են՝ նախօրեին ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Եվրասիական միությանը անդամակցության նոր ժամկետ նշեց. «2015 թվականից ուժի մեջ է մտնելու»: Իսկ մինչ այդ հայտարարվել էր, թե Հայաստանը միությանը անդամակցության փաստաթուղթը կստորագրի հոկտեմբերին:
Իսկ հարեւան Վրաստանին հնարավոր է ԱՄՆ «դաշնակցի» կարգավիճակ տրվի: Օրեր առաջ ամերիկացի սենատորները քվեարկությամբ ընդունել են օրինագիծ, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային կտրամադրվի ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ: Ըստ օրինագծի՝ արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում ԱՄՆ-ը կարող է զորք մտցնել այդ երկրներ: Բացի այդ, նախագծով նախատեսվում է, որ ԱՄՆ-ը կարող է ավելացնել զինված ուժերի համագործակցությունը Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի եւ Սերբիայի հետ, ինչպես նաեւ ավելացնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի օգնությունը՝ այդ երկրների անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

Մինչ Հայաստանը սպասում է ԵՏՄ-ի անդամակցությանը` Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նոր, բավական ազդեցիկ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ:

Օրերս Երեւանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրեց Հայաստանի կառավարությանը եւ գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: «Ազատություն» ռ/կ-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փոխանցել են. «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, եւ դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Դեսպանատան հաղորդագրությունում նաեւ նշվել էր. «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների հետ կապված՝ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների եւ մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի ու «Յոթյակի» գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արեւելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար»:

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվել ընդդեմ 8 ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների, մի խումբ ռուս պաշտոնատար անձանց եւ «ուկրաինացի անջատողականների» («Գազպրոմբանկ», ՎԷԲ, «Նովատեկ», «Ռոսնեֆթ», ՎՏԲ բանկ, Ռոսսելխոզբանկ):

Չուշացավ Հայաստանում ՌԴ դեսպանատան արձագանքը, որը բավական ջղաձիգ է եւ հեռու դիվանագիտական լեզվից: ՌԴ դեսպանատունը հարկ է համարել շեշտել, որ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված սպառնալիքներ»: «Կարծում ենք, որ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսը վարելու հարցերում եւ կարիք չունեն այլոց հուշումների: Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերությունները, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում, ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ եւ նշվում, որ ԱՄՆ դեսպանության այս քայլն ի չիք է դարձնում «այդ երկրի երկերեսանի հայտարարություններն այն մասին, թե ցանկանում են զարգացնել Հայաստանի տնտեսությունը»:

ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, փաստացի, մի քանի օր առաջ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նավթային, ռազմարդյունաբերության եւ պետական կապիտալ ունեցող ֆինանսական հաստատությունների նկատմամբ: Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Հիշեցնենք, որ ՎՏԲ բանկը եւ «Գազպրոմբանկ»-ի դուստր ընկերություն «Առէքսիմբանկ»-ը ներկայացված են Հայաստանի ֆինանսական շուկայում: Բացի այդ, նախատեսվում է, որ «Ռոսնեֆթ» ընկերությունը մոտ 400 մլն դոլար կներդնի հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման համար։

Putin-Serj

Բացի Վաշինգտոնի պատժամիջոցներից՝ Եվրամիությունն էլ հրապարակեց այն անձանց եւ ձեռնարկությունների ցանկը, որոնց վրա տարածվում են ՌԴ-ի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Դրանում ներառված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք վաղեմի ծանոթները՝ ձյուդո մարզաձեւում Պուտինի սպարինգ պարտնյոր Արկադի Ռոտենբերգը, որը Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակող ռուսական պետական ընկերության խոշոր բաժնետեր է, Յուրի Կովալչուկը՝ Ղրիմում ու Սեւաստոպոլում մասնաճյուղեր բացած «Բանկ Ռոսիա»-ի նախագահն ու խոշորագույն բաժնետերը, Նիկոլայ Շամալովը՝ նույն բանկի երկրորդ բաժնետերը։ «Բանկ Ռոսիան» համարվում է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական բանկը։ Ըստ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ԵՄ-ի հրապարակած նոր ցուցակի՝ մարդիկ են, ովքեր շահույթ ունեն Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացումից եւ Ղրիմի միացումից: Դրանց շարքում են Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, Կոնստանտին Մալոֆեեւին, ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների ղեկավարները: Այս անձանց մուտքը ԵՄ արգելվել է, նրանց բանկային ակտիվները սառեցվել են: Այսպիսով՝ ԵՄ-ի ցուցակում լա 95 ֆիզիկական անձ եւ 23 կազմակերպություն:

Հայաստանի հետ «ռազմավարական» հարաբերություններ ունեցող Ռուսաստանի պատժամիջոցները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օրեր առաջ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները արդյոք բացասաբար կազդե՞ն Հայաստանի վրա, նկատել էր. «Կարծում եմ՝ որոշակի ազդեցություն կարող է ունենալ»:
Երկու բանկերից` «Առէկսիմբանկ»-ից եւ «ՎՏԲ-Հայաստան»-ից հայաստանյան ԶԼՄ-ներին հավաստիացնում են, որ իրենք առանձին իրավաբանական անձինք են եւ այդ առումով կապ չունեն իրենց սեփականատեր բանկերի՝ «Գազպրոմբանկ»-ի ու ՎՏԲ-ի հետ, ուստի պատժամիջոցները իրենց չեն առնչվում, սակայն փորձագետները տեսակետներ են հայտնում, որ պատժամիջոցներն, այնուամենայնիվ, անուղղակի ազդեցություն կունենան հայաստանյան նշված երկու բանկերի վրա: Ռուսական ընկերություններն ու բանկերը պատժամիջոցների արդյունքում, հավանաբար, ստիպված կլինեն կրճատել իրենց հայաստանյան ներդրումները, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ այն պարզ պատճառով, որ ռուսական ընկերությունները ժամանակի ընթացքում ստիպված կլինեն սահմանափակել իրենց գործունեությունը Հայաստանում: Բացի այդ, Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող Հայաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ դրամական փոխանցումների, ինչպես նաեւ ներդրումների իրականացման առումով, քանի որ ռուսաստանյան տնտեսությունն արդեն կարող է նշանակալի խնդիրներ ունենալ:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Ռոսնեֆթ»-ին, ապա հիշեցնենք, որ վերջերս, երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել էր Մոսկվա, Մեդվեդեւի հետ հանդիպմանը քննարկվել էին ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցությունը առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, այդ թվում նաեւ՝ «Ռոսնեֆթ» ընկերության ներդրումային ծրագիրը։ Իսկ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե «Ռոսնեֆթ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 400 միլիոն դոլար ներդնել «Նաիրիտի» գործարանը վերակենդանացնելու համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031