Սա մտածմունքի մեջ է գցել վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Վերջին շրջանում ՀՀ վարչապետը տարբեր քննարկումներ է անցկացնում Շիրակի մարզպետարանում՝ կողմնորշվելու համար, թե ինչ անել, որ թե գյումրեցի 432 անօթեւանները բնակարաններ ունենան ու այդքան չդժգոհեն, չանիծեն իշխանություններին, թե պետությունը այս բարդ հարցի լուծման համար քիչ ծախսի ու շահեկան դիրքերում հայտնվի: Անցած շաբաթ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր Գյումրի քաղաքի իշխանություններին հանդիպել 423 անօթեւան ընտանիքների հետ, որպեսզի որոշեին, թե որ տարբերակն են նախընտրում նրանք՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայագիր ծրագիրը: Ի դեպ, վերջին տարբերակը, տարիներ առաջ կիրառվելով Գյումրիում, խիստ քննադատության արժանացավ այն պարզ պատճառով, որ անօթեւանները սկսեցին կեղծ գործարքների դիմել, իրենց հարազատ-բարեկամների բնակարանները ձեւականորեն առուվաճառքի ենթարկել, ներկայացնել, թե իբր իրենք են գնել դրանք ու այդ միջոցով դուրս հանել պետության կողմից բնակարանների գնման համար տրամադրվող գումարը: Մի խոսքով՝ շատերը, նման հնարամիտ միջոցների դիմելով, վերցրեցին բնակարանի գումարը ու լքեցին երկիրը:
«Առավոտը» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե հանդիպե՞լ է անօթեւանների հետ, պարզե՞լ նրանց դիրքորոշումը, թե որ տարբերակն են նախընտրում:
«Փաստորեն, երբ որ խորհրդակցություն անցկացվեց մարզպետարանում, հանձնարարական եղավ, որ քաղաքապետարանում մենք կարողանանք հրավիրել բոլոր շահառուներին եւ նրանց կարծիքը հասկանանք, որովհետեւ խորհրդակցության ժամանակ տարբեր կարծիքներ բախվեցին: Ես կողմ եմ կառուցապատմանը, քաղաքաշինության նախարարությունը հակված էր, որպեսզի ԲԳՎ-ներ՝ բնակարանների գնման վկայականներ, տային, եւ որպեսզի, այսպես ասած, ո՛չ մենք պատասխան տայինք, ո՛չ քաղաքաշինության նախարարությունը, ո՛չ էլ մարզպետարանը, վարչապետն էլ ճիշտ կարծիք կազմեր, ասացինք՝ բերեք հրավիրենք բոլոր շահառուներին եւ նրանց կարծիքը հարցնենք: Ու թեեւ ազատ օրեր էին, բայց մենք փորձեցինք աշխատել, որպեսզի հասցնեինք կառավարությանը ներկայացնել նրանց կարծիքը: Թվերը էսպես էին ստացվել. մոտ 367 շահառու է եկել էստեղ, շահառուներից 108-ը կառուցապատում է ուզել, մնացած 259-ը՝ ԲԳՎ ծրագիր: Մյուսներին չենք կարողացել գտնել, որովհետեւ քաղաքում չեն հիմա, նույնիսկ ասացի՝ զանգերի միջոցով ճշտենք եւ ձայնագրենք, որպեսզի չասեն, թե ուզեցինք կառուցապատում, դուք տվեցիք ԲԳՎ եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ իրենք ստորագրել են իրենց ցանկությամբ»,- մեկնաբանեց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Ըստ Սամվել Բալասանյանի՝ եղել են շահառուներ, որոնք խնդրել են տալ բնակարանի գումարը, որին իրենք էլ որոշակի գումար կավելացնեն ու քաղաքի կենտրոնում տուն կգնեն:
«Եթե 259 մարդ ուզում է բնակարանների գնման վկայագրեր ունենալ, ես կողմ եմ, որ խիստ մեխանիզմներ կիրառվեն, որպեսզի անօթեւանը կեղծ գործարքներով գումարը դուրս չբերի: Ես ժամանակին դրա դեմ նույնիսկ խոսել եմ Ազգային ժողովում, մենք դրանով արտագաղթ ենք խթանում: Հիմա պիտի էնպիսի մեխանիզմներ դնենք, ես էդ առաջարկել եմ, եթե անգամ ԲԳՎ ծրագիր է լինելու, մենք պայմաններ ենք դնելու քաղաքապետարանի կողմից, եւ մենք էդ մշակել ենք, որպեսզի մարդը միանգամից գումարը չստանա ու թողնի գնա քաղաքից կամ իր պարտքերը տա ու առանց բնակարան մնա, նորից տնակների մեջ: Չի կարող էդպես լինել, էլի, ճիշտն ասած, ես համամիտ եմ, որ այո, մարդը ցանկություն ունի, գումար ունի ավելացնելու, ուրիշ տեղ տուն գնելու, թող գնի կամ թեկուզ Մուշ 2/2-ում գնի, գիտեք, որ ազատ բնակարաններ էնտեղ շատ կան: Թող գնա, արագ գնի, այսինքն՝ ավելի արագ կստացվի պրոցեսը, մենակ էնպիսի մեխանիզմներով, որ մարդուն ուղղակի էնպես չանենք, որ խթանենք արտագաղթը, առանց էն էլ վիճակը ծանր է»,- նեղսրտեց Գյումրու քաղաքապետը:
Իսկ ինչո՞ւ է կառավարությունը խուսափում անօթեւանների համար բնակարաններ կառուցելուց, մի՞թե պատճառը ծախսատար լինելն է, իսկ պետությունը չի ուզում այս լուրջ նպատակի համար ավելորդ նեղություն կրել, մեր այս հարցին ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետն ասաց, որ իրենք ուսումնասիրել են Գյումրու բնակարանային շուկան, եւ գործակալություններում մոտ 1500 բնակարաններ են եղել վաճառքի, այնպես որ, ըստ Սամվել Բալասանյանին, չի խանգարի, որ 434 ընտանիքներ բնակարանների գնման վկայագրերից օգտվեն: Ըստ քաղաքապետի՝ եթե 70 տոկոսը որոշել է օգտվել բնակարանների գնման վկայագրերից, թող օգտվի, միանգամից բնակարանների շուկայական արժեքը կբարձրանա, ընդ որում՝ գյուղական համայքներում եւս, իսկ այս ոլորտի անկումային վիճակը եւս խնդիր է պետության համար:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.