Այսօր 12:20-ի սահմաններում Գր. Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում բախվել են «Շևրոլե» մակնիշի և Էջմիածնի շտապօգնության մեքենաները: Վերջինս մի տրավմատիկ հիվանդի տեղափոխում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ստացիոնար բուժման համար:
Բժշկուհի Անահիտ Զարգարյանի խոսքերով՝ իրենց մեքենան պատրաստվում էր շրջադարձ կատարել դեպի Լուսավորիչ փողոց, երբ այդ մեքենայի վարորդը կտրեց իրենց ճանապարհը: «Բարեբախտաբար ոչ ոք առողջական վնասներ չի կրել, և Երևանի շտապօգնությունը հասցրել է հիվանդին ժամանակին տեղափոխել հիվանդանոց: Չեմ ցանկանում մեղադրել որևէ մեկին, սակայն գտնում եմ, որ մենք՝ որպես առաջին օգնություն ցույց տվողներ, առավելություն ունենք տվյալ պարագայում»:
«Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը ոստիկանության տեսուչների հետ զրույցում հավատացրեց, որ մեղավորը շտապօգնության վարորդն է, քանի որ վերջինս առանց ձայնային և լուսարձակային ազդանշանները միացնելու փորձել է վազանց կատարել անթույլատրելի տեղից:
Կարդացեք նաև
Շտապօգնության վարորդն, իր հերթին նշեց, որ բախումը տեղի է ունեցել երկրորդ գծից շրջադարձ կատարելու պատճառով: «Լիքը կամերաներ կան,, թող տեսնեն՝ ով է մեղավոր», – վրդովված ասաց նա:
Ոստիկանությունն ու ապահովագրական ընկերության աշխատակիցները ճշտում են իրողությունը:
Անի Անտոնյան