Շուրջ 44 տարվա պատմություն ունեցող «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը Հայաստանի ամենապահանջված թանգարաններից մեկն է: Այն «Հաղթանակ» զբոսայգում է՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի ներսում: Թանգարանը մեր հերոսական անցյալի վկայությունն է: Մինչ 1995 թվականն այստեղ ներկայացված էին Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությանը վերաբերող նյութեր, իսկ 1995 թվականից սկսած՝ մեկ ամբողջ հարկ նվիրված է Արցախյան ազատամարտին:
«Մայր Հայաստանն» այսօր ունի 30 000-ից ավելի ցուցանմուշ: Ֆոնդերը թարմացվում են մեծամասամբ նվիրատվությունների շնորհիվ, որոնք տալիս են զոհված ազատամարտիկների ծնողները, նրանց հարազատները»,- ասում է թանգարանի էքսկուրսավար Լիլիթ Մինասյանը:
Ըստ նրա՝ իրենք համագործակցում են մեր ազատամարտիկներից շատերի հարազատների և ընկերների հետ, ովքեր հաճախակի են այցելում թանգարան. «Դե, մեր ինֆորմացիան հիմնականում վերցված է գրականությունից: Իսկ նրանք կիսվում են իրենց հուշերով և պատմում կարևոր տեղեկություններ մեր հերոսների անձնական կյանքից»:
«Առավոտը» շրջայց է կատարել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում և թերթել մեր պատմության էջերը: Ներկայացված նմուշների մեջ էր Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման: «Այս ցուցանմուշի միջոցով ներկայացնում ենք մեր փառահեղ հաղթանակը: Շուշիի ազատագրման օպերացիան իրականացվել է 4 ուղղություններով, որոնք պատկերված են այստեղ: Ներառված է նաև այն եկեղեցին, որն ադրբեջանցիների համար եղել է զինապահեստ: Այս դիորաման պատրաստվել է 2002 թվականին, հեղինակն է Կառլեն Շահինյանը, ում, իհարկե, օգնել են մեր թանգարանի աշխատակիցները»,-տեղեկացնում է Լիլիթ Մինասյանը:
Ֆոտոխցիկս արձանագրում է Արցախյան պատերազմի ռազմական թատերաբեմը: Հատուկ լույսերի միջոցով ներկայացված են այն շրջանները, որտեղ մղվել են ինքնապաշտպանական, ազատագրական և անվտանգության գոտու ստեղծման համար մղվող մարտեր: Կանաչ գույնով ընդգծվածները մեր կորցրած տարածքներն են:
Թանգարանում ներկայացված էին մեր ազգային հերոսների անձնական իրերը` Մոնթե Մելքոնյանի ռազմահագուստը, ակնոցը, Թաթուլ Կրպեյանի վերնաշապիկը, Ջիվան Աբրահամյանի ինքնաձիգի փափշտակալը և այլն:
Առանձին ցուցադրությունում ներկայացված է նաև Հովհաննես Բաղրամյանի աշխատասենյակի կահույքը, որն անձամբ մարշալը հանձնել է թանգարանին 1970-ական թվականներին: «Երբ թանգարանը նոր էր բացվել, նա եկել է այստեղ ու խոստացել, որ կնվիրի իր կահույքը, ինչպես տեսնում եք, խոստումը կատարել է»,-ասում է էքսկուրսավարը:
Նշենք, որ թանգարանում ցուցադրված են նաև Հ. Բաղրամյանի համազգեստը, շքերթային թուրը:
Լիլիթ Մինասյանը մեզ ներկայացրեց նաև Գարեգին Նժդեհի մոմե արձանը՝ ասելով, որ սա մեր հանրապետությունում առկա միակ մոմե արձանն է: Մեր հարցին՝ ձեր կարծիքով, այսօր կա՞ն կենդանի և իրական հերոսներ, պատասխանում է. «Հերոսներ շատ կան: Ինձ համար առաջին տեղում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, ով նաև Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից է: Առհասարակ, ազգային հերոսի կոչում շնորհում են այն դեպքում, երբ տվյալ անձը հայրենիքին նշանակալի ծառայություն է մատուցում: Կարծում եմ՝ հերոսությունը միայն զենքի ուժով հայրենիքը պաշտպանելը չէ, այլ նրան ծառայելը՝ մեկը գիտությամբ, մյուսը՝ պաշտպանությամբ»:
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի մուտքն անվճար է: Էքսկուրսավարի խոսքով՝ սա ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկն է, հիմնական այցելուները դպրոցականներ են, ուսանողներ, զինվորականներ. «Ամենակարևորն այն է, որ հատկապես մեր երիտասարդ սերնդին է հետաքրքրում այս թանգարանը: Նրանք մեծ հաճույքով են ականջ դնում իրենց պատմությանը, նույնիսկ հուզվում են՝ հատկապես Արցախյան հերոսամարտի դրվագների մասին լսելով: Դա մեր օրերի պայքարն է, կարևորն այն է, որ երիտասարդները հասկանան, որ մենք դեռ անելիք ունենք, վերջիվերջո, պատերազմը դեռ չի ավարտվել, մենք դեռ հողեր ունենք հետ բերելու»:
Այցելուների շարքում մեծ թիվ են կազմում նաև սփյուռքահայերն ու օտարերկրացիները: Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ՝ այս տարվա կտրվածքով 70 տարբեր երկրներից մոտ 60 000 այցելու են ունեցել. «Այս տարի եկել են Ռուսաստանից: Ռուսներին հետաքրքրում է հատկապես մեր Արցախյան ազատամարտը»:
Նշենք, որ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը կառուցվել է 1970 թվականին՝ սկզբում Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ. անվամբ, ապա 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
Նազենի Բաղդասարյան
«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.