Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբավարը, որ նաեւ վարսավիր է

Օգոստոս 04,2014 14:19

Մամիկոն Անդրեասյանի՝ ճանաչված պապն ու հայրն էլ են զուգահեռել արվեստն ու արհեստը

Վերջին շրջանում հայ խմբերգային արվեստի մասին խոսելիս հաճախ է հոլովվում երիտասարդ խմբավար, միջազգային մրցույթի դափնեկիր Մամիկոն Անդրեասյանի անունը, որն իր կարիերան սկսել է 2007թ.՝ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբում: Վերջինիս զուգահեռ աշխատել եւ մինչ այժմ աշխատում է նաեւ «Կանթեղ», «Գայանե» երգչախմբերի հետ: Հիշյալ կոլեկտիվներին հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային տարբեր միջոցառումներին: Երիտասարդ երաժշտի գործունեության առանցքում են նաեւ այցերը մանկատներ եւ ծերանոցներ:

Վերջերս խմբավարը վարպետության դասեր է անցկացրել Վանաձորում: 2013թ. «Խաղաղություն աշխարհի մանուկներին» նախագծի շրջանակներում էլ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արաբկիրի հայորդաց տան «Կանթեղ» երգչախումբը հանդես եկավ Բաթումի ազգային օպերային թատրոնում, ապա Մոսկվայում՝ տեղի հայորդաց տան հրավերով:

Մամիկոն Անդրեասյանը նաեւ ստեղծագործում է. 2013թ. լույս տեսավ նրա 7 խմբերգերը՝ Յուրի Սահակյանի խոսքերով՝ հասցեագրված մանկական, պատանեկան եւ պրոֆեսիոնալ երգչախմբերին:

«Առավոտի» հետ զրույցում Մամիկոն Անդրեասյանն ասաց, որ իր ընդգծված սերը, մասնավորապես խմբերգային արվեստի հանդեպ, խոր արմատներ ունի. «Պապս՝ Եղիշե Անդրեասյանը, որ հայտնի էր Դալլաք Եղիշ անունով, Հայաստանում առաջինն է հիմնադրել ժողովրդական գործիքների անսամբլ, որտեղ սկզբնական քայլերն են արել անկրկնելի երգչուհիներ Արաքսի Գյուլզադյանն ու Օֆելյա Համբարձումյանը: Լինելով վարսավիր, նա փայլուն տիրապետել է հայկական ժողովրդական լարային մի քանի նվագարանների: Նույն արհեստն ու արվեստը պապս փոխանցել է հորս, հայրս էլ՝ ինձ»,- հայտնեց խմբավարը: Հետաքրքրությանը՝ նաեւ վարսավիրությա՞մբ է զբաղվում, երաժիշտը հաստատեց, նշելով, որ ունի նաեւ հիմնական հաճախորդներ:

Ժամանակին նրա անունը լայն հնչեղություն ստացավ, երբ 2013թ. Հայաստան առաջին անգամ այցելած Եվրոպական երգչախմբերի ասոցիացիայի նախագահի խորհրդով որոշվել էր Հայաստանում հիմնել Երգչախմբային ասոցիացիա: Այս առիթով Մամիկոն Անդրեասյանն ասաց. «Դեմ էի ասոցիացիայի ստեղծմանը, քանի որ մենք ունենք ոչ միայն խմբերգային արվեստի հարուստ ավանդույթներ, այլեւ մերօրյա այնպիսի պրոֆեսիոնալներ, ինչպիսիք են Հովհաննես Չեքիջյանը, Դավիթ Ղազարյանը, Տիգրան Հեքեքյանը…

Պարզապես առաջին րոպեներին գլխումս պտտվում էր հետեւյալ միտքը. առանց այն էլ արեւմտամետ ենք, հիմա էլ խմբերգային արվեստո՞վ գնանք Արեւմուտք: Բայց հետո մտածեցի, որ մեր օրերում նույնիսկ անհրաժեշտ է շփումը դրսի հետ, թեկուզ հենց փորձի փոխանակման նպատակով: Հիմա կարող եմ փաստել, որ Հայաստանի երգչախմբային ասոցիացիան (նախագահ՝ Գայանե Բաղդասարյան), որի անդամն եմ նաեւ ես, իսկապես մեծ գործ է անում: Ասեմ նաեւ, որ առաջիկայում կմեկնեմ ԱՄՆ՝ Նյու Համշետ քաղաքի The Walden School-ի հրավերով, մասնակցելու վերապատրաստման դասընթացների»:

Օգոստասի 1-ին «Արամ Խաչատրյան համերգասրահում, մեծանուն խմբավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված Համահայկական խմբերգային փառատոնի բացմանը, որին մասնակցում էին 16 երկրից ժամանած երգչախմբեր, Մամիկոն Անդրեասյանը ղեկավարեց նաեւ Մոսկվայում Լենա Բեգլարյանի ղեկավարությամբ գործունեություն ծավալած «Օվսաննա» եւ «Նորահրաշ» կոլեկտիվները: Ինչ վերաբերում է տիկին Բեգլարյանին, նա չէր եկել Երեւան, քանի որ վատառողջ էր: Օգոստոսի 24-ին Մամիկոն Անդրեասյանը Ա. Տեր- Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի հետ կմեկնի Արցախ: Նա հայտնեց նաեւ, թե վերջերս ստանձնել է «Գայանե» երգչախմբի ղեկավարի պարտականությունները՝ կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի եւ մենեջեր Կարինե Հունանյանի խնդրանքով: Մեր զրուցակիցը հավելեց, որ «Գայանեն» վայելում է ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի համակրանքը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում. Մամիկոն Անդրեասյանը՝ Տիգրան Մանսուրյանի հետ

«Առավոտ» օրաթերթ

02.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031