Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ծննդյան միանվագ գումարներն այսօր կփոխանցվեն

Օգոստոս 04,2014 13:48

Առաջին երեխայի ծննդյան 50 հազար դրամ միանվագ նպաստը մայրերը ստացել են վեց ամիս անց: Երրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող մեկ միլիոն դրամները ութ ամիս ուշացումով են տրամադրվելու: Այսօր այդ գումարները կփոխանցվեն այդ նպատակով բացված բանկային հաշիվներին: «Փաստարկ» մամուլի ակումբում այս մասին վստահեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Այսօր պարոն Սաիյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ուշանում այդ գումարները, ասաց, որ օրենքը կիրառության մեջ դնելու հետ կապված որոշակի խնդիրներ կային՝ բանկերի հետ պայմանագրերի կնքում եւ այլն: Նշենք, որ երրորդ երեխային տրվող մեկ միլիոն դրամ գումարից միայն 500 հազար դրամն է ծնողներին տրվում առձեռն, մնացած 500 հազարը՝ ներդրվում որեւէ բանկում եւ 18 տարին լրանալու դեպքում կարող է երեխան օգտվել այդ գումարից՝ բացառությամբ, եթե այդ գումարը պետք լինի առողջապահության, կրթության կամ հիպոթեքի մարման համար:

Սմբատ Սաիյանը նաեւ հայտնեց, որ կառավարության որոշմամբ, բարձրացվել է առանձին կատեգորիայի զինծառայողների պարգեւավճարները:

Զինծառայողի ընտանիքի անդամը, որը կերակրողին կորցնելու հետեւանքով մինչ այս երկու թոշակ էր ստանում, մեկը՝ կենսաթոշակ, մյուսը՝ մահացած զինծառայողի համար տրվող թոշակ, այսօր կարող է դիմում գրել սոցիալական պետական ապահովության ծառայությանը եւ 21 հազար դրամի փոխարեն ստանալ 31 հազար դրամ պարգեւավճար: Բարձրացել է նաեւ հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգեւավճարների չափը:

Պարոն Սաիյանն ասաց, որ եթե անձը չցանկանա դիմում գրել, ապա այդ փոփոխությունը նրա վրա չի անդրադառնա, քանի որ երկու կենսաթոշակի իրավունք ունեցողի գումարներն ավտոմատը չի վերահաշվարկելու:

Ծառայության պետի տեղակալի տվյալներով՝ այս բարձրացումները բյուջեի վրա ամսական 120 միլիոն դրամ կնստի եւ բարձրացումները ֆինանսավորվելու են ներքին խնայողությունների հաշվին: Ընդհանուր առմամբ, բարձրացումները վերաբերվելու են 7-8 հազար կերակրողը կորցրած զինծառայողի ընտանիքների:

Պարոն Սաիյանը նաեւ ասաց, որ այսօր կա 13 հազար կենսաթոշակառու, որոնց կենսաթոշակը ցածր է ծայրահեղ աղքատության գծից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031