Ֆրանսիայի նախագահը փորձեց կազմակերպել Ալիեւ-Սարգսյան հանդիպումը եւ չհաջողեց: Նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ամերիկյան կողմը, սակայն, երկու նախագահների հանդիպումը կկայանա, օգոստոսի 8- 9-ին, Սոչիում: Ինչո՞ւ կողմերը կրկին նախապատվությունը տվեցին ՌԴ-ին: Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Մեր իշխանությունները վարում են պրոռուսական քաղաքականություն, հույս ունեն, որ Պուտինը մի որոշ ժամանակով պատերազմը կկարողանա ձգձգել, կամ կանգնեցնել այս ընդհարումները»:
Ազատամարտիկը զգուշացնում է`ռուսներն իրենց շահերն են պաշտպանում, եթե Հայաստանը չլինի, նրանք մուսուլմանական աշխարհի ձեռքը կրակը կընկնեն: Ուստի, ՀՀ իշխանություններին կոչ է անում հույսը ՌԴ-ի վրա չդնել, ապավինել սեփական ուժերին ու սեփական ժողովրդի ոգուն. «Սա խաղ չի, սա պատերազմ է`ապաշնորհ, վախկոտ մարդկանց խնդրում եմ լքել ասպարեզը»:
«Արաբո» ջոկատի հրամանատարը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մշտապես էլ իր շահերն է պաշտպանելու, եւ եթե պատերազմ լինի, ապա, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական իրավունք չի ունենա միջամտելու արցախյան հերոսամարտին:
«Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով»,-կարծում է ազատամարտիկը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակին միջազգային կառույցների արձագանքներին՝ Մանվել Եղիազարյանն ասաց, որ նրանց արձագանքը համարժեք չէ իրավիճակին: Այդ կառույցների համար արցախյան հարցը փոքր հարց է, գտնում է ազատամարտիկը`հավելելով, որ աշխարհը զբաղված տարածաշրջանային այլ խնդիրներով. «Ինչքան վիճակը տարածաշրջանում վերահսկողությունից դուրս գա՝ իրավիճակը այդպիսին կմնա: Հայտնի է, որ Ալիեւը , այս մասին խոսել է նաեւ Ուորլիքը ասել է, որ նա կարող է վերցնել այդ յոթ տարածքները: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պահպանում են լռություն, քանի որ ավելի լուրջ խնդիրներ կան, արցախյան այս խնդիրը դարձել է իրենց համար երկրորդական, մինչդեռ մեզ համար հենց այս հարցն է կարեւոր»:
Կարդացեք նաև
Մանվել Եղիազարյանի համոզմամբ, այս փոքրիկ բախումները կարող են բերել պատերազմի, եթե ոչ այսօր` ապա ամիսներ անց: «Արաբո» ջոկատի հրամանատարի գնահատմամբ ՀՀ-ում պետք է բողոքի ակցիաներ լինեն, հայ հասարակությունը պետք է պահանջատեր լինի, եւ միասնական կոչով հանդես գա, որ բավական է սպանեք մեր երեխաներին:
Նա վրդովված է, որ չի լսվում նաեւ սփյուռքի ձայնն ու պատրաստակամությունը`հայրենիքը պաշտպանելու համար. «Կարծեմ սփյուռքի նախարար էլ ունենք, ո՞ւր է նա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ