Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Արցախի հեռուստատեսությանը՝ վերջին օրերի դեպքերի մասին:
Հարցազրույցի ընթացքում, գնահատելով հակառակորդի գործողությունները, նա ասել է. «Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը սահմանին»:
Նա ասել է, որ բացի հակառակորդին հետ շպրտելուց ելման դիրքեր, եղել են նաեւ որոշակի պատժիչ գործողություններ.« Հակառակորդը պետք է հասկանա, որ այս գործողությունները կարող են բերել 1994 թ. մայիսի 12-ի: Մեր առաջապահ ստորաբաժանումները կատարում են գերազանց, իսկ մեր հատուկ ստորաբաժանումները իրենց առջեւ դրված խնդիրները նույնպես կատարել են փայլուն կերպով»:
Այս գործողությունները նախարարը, բացի «հայերի հանդեպ ատելությունից», բացատրում է նաեւ Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարի «ինքնահաստատման» ցանկությամբ՝ իբր ինքն ավելի լավն է, քան նախորդը:
Կարդացեք նաև
Այնինչ, Մովսես Հակոբյանի գնահատմամբ. «Հակառակորդը նույն հակառակորդն է, Սպառազինության մեջ որոշակի փոփոխություններ կան, իսկ գործողությունների մեջ ոչ մի փոփոխություն չեմ նկատում՝ նույն է, ինչ եղել է 1992-1994 թթ.՝ անպատրաստ, անմտածված գործողություններ»:
Լրագրողի հարցին՝ արդյոք այս դիվերսիոն գործողությունները դիպուկահարների պատերազմի շարունակությունն է, նախարարը պատասխանել է. «Այս գործողությունները ոչ թե շարունակությունն է դիպուկահարների պատերազմում, որտեղ իրենք միշտ լուրջ պարտություն են կրել: Առաջին գծում իրենք զինվորներ շատ քիչ են պահում, մտածելով, որ մեր դիպուկահարները կխոցեն: Հաջողություն չունենալու պատճառով են սկսել դիվերսիոն գործողությունները: Անգրագետ, չհաշվարկող մարդը ամեն ինչի ունակ է, դա մեզ որեւէ մտահոգություն չի պատճառում: Եթե տեղափոխվի մեկ այլ փուլ՝ դա մեզ մտածելու տեղիք չի տալիս, բայց բոլոր դեպքերում դա անիմաստ կորուստներ են լինելու, եւ Ադրբեջանի ժողովուրդը պիտի հասկանա, թե իրենց ղեկավարի ցանկացած գործողություն ինչի է բերելու: Մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենա, եթե փոփոխություն էլ տեղի ունենա, լինելու է Ադրրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին: Մենք անելու ենք այն, ինչ գտնում ենք՝ ճիշտ է: Մենք անելու ենք այն, որ հակառակորդը զերծ մնա այդ գործողություններից՝ ինչպես հակառակորդին դիմավորելու մեր դիրքերում, այնպես էլ որոշակի պատժիչ գործողություններ»:
Վերջին օրերի իրադարձությունները, ըստ Արցախի պաշտպանության նախարարի, մեզ հնարավորություն տվեց՝ ստուգելու մեր զինծառայողների ոգին եւ պատրաստակամությունը. «Մեր ոգին շատ բարձր է, երբեւիցե այդքան բարձր չի եղել: Այսօր ցանկացած զինվոր պատրաստ է սխրագործություն անելու եւ հերոսանալու: Բայց բոլոր դեպքերում այս գործողությունները չեն բացառում մարդկային կորուստներ, որի համար մենք մեծ ցավ ենք ապրում: Միակ բացասականը դա է, որ մենք նույնպես ունենք կորուստներ: Ինչպես բանակի հրամանատարությունը, այնպես էլ մեր ողջ հասարակությունը պիտի նահատակված զինվորների ընտանիքին իրենց գնահատականը տա: Հասարակությունը պիտի միշտ կանգնի այդ ընտանիքների կողքին, որ նրանք իմանան, որ իրենց զավակները անիմաստ չեն կորցրել իրենց կյանքը, այլ նվիրաբերել են հայրենիքին»:
Մանրամասները՝ այստեղ տեսանյութում:
Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»: