Երեկվանից Սյունիքի մարզում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր աշխատանքային թիմի հետ այսօր եղավ նաեւ Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում:
Նախարարն այցելեց Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն եւ հանդիպեց ընտանիքի անդամներին: Ընտանիքի անդամների պատմելով` Սոսը բոլորովին երիտասարդ տարիքում էր մեկնել ռազմի դաշտ, երկու փոքր երեխաների հայր էր եւ մահանալուց 10 օր անց պետք է լրանար նրա 30-ամյակը: Սոս Ղազարյանը Արծվանիկ գյուղի 100-ից ավելի այն ազատամարտիկներից էր, որ առանց երկմտելու զենքը ձեռքը վերցրեց եւ անվախ սրտով մեկնեց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սակայն ինքնապաշտպանական մարտերի մեկնած հայորդիներից 6-ը` այդ թվում Սոսը, տուն չվերադարձան, նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Սոս Ղազարյանը մասնակցել է Կապանի տարածաշրջանի սահմանային գոտիների` Դավիթ-Բեկի, Կաղնուտի, Ուժանիսի եւ Ագարակի ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է պատերազմական գործողությունների վերջին զոհերից մեկը. զոհվելուց օրեր անց զինադադարի պայմանագիրը կնքվեց… :
«Աշխարհին խաղաղություն լինի, կարում եք երկիրս լավ պահեցեք, թող էս երիտասարդությունը շնչի, ապրի, լավ ապրի… », -իրենց տուն այցելած արդարադատության նախարարին ասաց ազատամարտիկի մայրը` Ցողիկ Դավթյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ