Այսօր ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը ենթարկվել է A.S.A.L.A. կոչվող հայ հաքերային խմբի հարձակմանը: Այսօր առավոտյան կայքը բացելիս հայտնվում էր հաքերային խմբավորման խորհրդանիշ համարվող բռունցքը, որը զուգակցվում էր «եթե դուք չդադարեցնեք պատերազմը, մենք կոչնչացնենք ձեզ»:
Aravot.am-ը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ նման գործողությունները չե՞ն սրում առանց այդ էլ սրված իրավիճակը: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրավիճակը ավելի սրել դժվար է: Հաքերային ոլորտում խառը կռիվ է սկսել, ով ինչ հասցնում, կոտրում է, մրցակցության մեջ են»:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ «նման դեպքերում ավելի արդյունավետ են պետական ու լրատվական կայքերի վրա հարձակումները, մնացածը կրում է զուտ քարոզչական բնույթ»:
Մեր հարցին՝ ընդհանուր պայմանավորվածություն կա՞ հաքերային խմբավորումների միջև գործողությունների համաձայնեցման հարցում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Հաքերային խմբերի մեծամասնությունը անկախ է իր գործողություններում, հաքերային համայնքն անկախ համայնք է: Իսկ այն, որ հաքերային համայնքը ենթարկվի քաղաքականությանը, դա չաշխատող մոդել է»:
Անդրադառնալով վերջին օրերին մամուլում գոյություն ունեցող լարվածությանն ու ոչ պակաս պատերազմական իրավիճակին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Ադրբեջանական մամուլն ինչ-որ ընդհանուր ապակողմնորոշված վիճակում է գտնվում. անընդհատ իրարամերժ ու հակասող տեղեկատվություն են տարածում: Այս տեսանկյունից մեր մամուլն ավելի ճիշտ է աշխատում»:
Մեր դիտարկմանը, իսկ արդյոք ճի՞շտ է աշխատում նաև արտաքին լսարանի համար, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիստերիկ տոնով գրված նյութերը դրսում չեն ընկալվում, իսկ ադրբեջանական մամուլում հիստերիա է տիրում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ