Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի բացառում, որ սահմանում տիրող իրավիճակը կարող է նաև պատերազմի վերածվել. «Մենք դեռ չգիտենք՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տրամադրությունն ինչպիսին է: Ճիշտ է, ենթադրում ենք, որ պատերազմ չի լինի, բայց պիտի պատրաստ լինենք պատերազմի: Ակնհայտ է մի բան. սա արդեն դիրքային, խրամատային պատերազմ է, որի դինամիկան գնալով աճում է: Եվ ավելի ճիշտ է կողմնորոշվել այն տեսանկյունից, որ դիրքային պատերազմն ինտենսիվ է դառնում, քան ասել, թե պատերազմ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց քաղաքագետը:
Պարոն Շիրինյանը հարկ համարեց ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. «Մեր զինվորականները սովորել են խորհրդային ռազմարվեստի կենտրոններում (ռուսականն էլ նույնն է), որտեղ մի ավանդույթ կա՝ Ստալինի հրամանը՝ սադրանքների չենթարկվել, որը Խորհրդային միության «հանճարեղ» առաջնորդի ոճրագործ և տգետ լինելու պատճառով ահռելի աղետներ բերեց: Ուզում եմ ասել, որ մեր զինվորականությունը պետք է ուշադիր լինի ու զոհ չգնա ուրիշի ռազմարվեստի քարացած դրույթներին, որովհետև նաև ռուսական հեռուստալրագրությունն է սկսել Ստալինի՝ այդ շինելավոր ոճրագործի գովքն ահռելի չափերով անել»,- նշեց պարոն Շիրինյանը:
Լ. Շիրինյանն առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտին ռազմականացված գոտու վերածել կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելով. «Ոչ թե կոլխոզներ,- մանրամասնեց բանախոսը,- այլ կոլեկտիվներ, որոնք նաև ռազմականացված բնակավայրեր կլինեն, շատ արագ կվերածվեն ռազմական միավորների. մեծ գյուղը կարող է դառնալ գումարտակ, թաղերը՝ վաշտեր և այլն: Այս դեպքում դրանք նախ իրենք իրենց պաշտպանող միավորներ կդառնան, ապա՝ բանակն իր թիկունքում կզգա ոչ թե դատարկվող գյուղերի շունչը, ինչը մահացու բան է բանակի համար, այլև կազմակերպված կոլեկտիվ տնտեսությունների ուժը, որոնք կլինեն բանակի թիկունքում»:
Քաղաքագետը շատ բարձր է գնահատում հայ զինվորականի կարողությունները և գտնում է, որ մենք պիտի մեր միջից հանենք համաշխարհային հանրության գիտակցությունն ու ապավինենք միայն մեր ուժերին. «1876 թվականից ի վեր մենք համաշխարհային հանրության քաղաքական խաղերի զոհն ենք,- ասում է նա,- մենք բարեկամ պետություն չունենք, դաշնակիցներն էլ այնքան փոփոխական են ու այնքան հզոր, որ կարող են շատ հաճախ մեր կարիքը չունենալ: Այնպես որ՝ մենք ինքներս. չէ՞ որ ունենք փայլուն, գերազանց զինվորականներ, ու դրա ապացույցն ամեն օր ենք ստանում»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ