Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ չի լինի, բայց անհրաժեշտ է վերազինել դիրքերը. Վովա Վարդանովի դիտարկումները

Օգոստոս 02,2014 15:25

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը պատերազմի հավանականություն տեսնում է, բայց միայն 75 կամ 82 տարի անց. «Որովհետև Ալիևների ընտանիքն է այնտեղ իշխում, և սպանես՝ պատերազմ չի սկսի: Նա այդ երկիրը քամում, քամում, քամում է, իսկ քանի դեռ նավթ կա, նավթի պաշարները թույլ չեն տա նրանց պատերազմ սկսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Վարդանովը:

Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին հուլիսի վերջին և օգոստոսի առաջին օրերին. «Թշնամին եկել է առաջ ու ընկել խաչաձև կրակի տակ անսպասելի դիրքերից: Ես համոզված եմ, որ դա ծրագրել են մեր հատուկ ստորաբաժանումները, և կատարել են դիրքապահները: Վերջապես, մերոնք սկսել են դառնալ նախաձեռնող կողմ»,- ասում է Վ. Վարդանովը:

«Հայ դիրքապահների ուղղությամբ հարձակվողների մեծ մասը Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն են եղել՝ լեզգիները, թալիշները և այլն»,- ասում է հատուկ նշանակության ջոկատի հիմնադիրը, և նրա համոզմամբ՝ սա այդ ազգերին ոչնչացնելու տարբերակներից մեկն է, քանի որ նորակոչիկները չէին կարող մասնակցել բարդ օպերացիայի և հաջողության հասնել. «Այս փոքրամասնությունները հայերի պոտենցիալ դաշնակիցներն են, որովհետև, վաղ թե ուշ, իրենց ազգային պետականության հարցը բարձրացնող ժողովուրդներ են, և ադրբեջանցիներն այս մեթոդով փորձում են հայերի նկատմամբ թշնամություն սերմանել»,- ասում է Վ. Վարդանովը:

Նա վստահեցնում է, որ իրավիճակը սահմանում վերահսկելի է, և ավելորդ խուճապ ստեղծելու հարկ չկա, քանի որ հակառակորդի գործողությունները կասեցվել են, դիվերսանտները՝ ոչնչացվել:

Վ. Վարդանովի կարծիքով, պարզապես անհրաժեշտ է վերազինել դիրքերը, ավելի շատ գումար ծախսել սպառազինությունը թարմացնելու, ինժեներական ավելի արդյունավետ հարմարություններ ստեղծելու համար. «Զարմանում եմ, որ ասում են այդ ամենը թանկ է: Թանկ չէ,- ասում է Վ. Վարդանովը:- Թող մի քիչ քիչ ուտեն հավաքույթների ժամանակ, մի քիչ քիչ գործուղման գնան՝ բարձրակարգ հյուրանոցներում հյուրընկալվելով, ու կտեսնեն, թե ինչպես մեկ ամսում ահագին գումար կհավաքվի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031