Ռուսաստանի և Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցության մասին այսօր կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:
Պատմական փաստարկների հիման վրա ընդգծելով «ռուսական 3-րդ պատերազմում» Ռուսաստանի պարտության մեծ հավանականությունը՝ նա նշեց, որ 25 տարի առաջ ԽՍՀՄ-ը ավելի ուժեղ էր, քան Արևմուտքը, բայց այնուամենայնիվ պայքարն ավարտվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ: «Այժմ Ռուսաստանը ռեգիոնալ երկիր է, ռեսուրսային կցորդ՝ թույլ զարգացած տնտեսությամբ: Այն նույնիսկ որևէ տեխնոլոգիայի արտադրություն չունի»:
Ըստ դիվանագետի՝պատժամիջոցների առավելագույն ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա նկատելի կլինի 10-24 ամսում: Հայաստանի տնտեսության վնասների առնչությամբ մեզ տված հարցազրույցում պարոն Պապյանը նշեց. «Մեր տնտեսությունն ավելի ուժեղ է. այն կհիվանդանա, իսկ Ռուսաստանի տնտեսությունը կմահանա»:
Ավելի վաղ հանդիպման ընթացքում ասվել էր, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից առավելապես կտուժի Հայաստանը. մենք կկորցնենք տարիներ և մարդկային ռեսուրսներ: «Արևմուտքը սիրում է պատժել. մենք այնպիսի ծանր տնտեսական կացության մեջ կհայտնվենք, որ երանի կտանք այս օրերին»:
Կարդացեք նաև
Բանախոսի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանին չի մնում այլ ընտրություն, քան շտկել այդ բացահայտ միակողմանի վերաբերմունքը և փնտրել դաշնակիցներ իր անվտանգությունն ապահովելու համար: Միայն Ռուսաստանը անվտանգության ապահովման առումով բավարար չէ: Այս դերում կարող է հանդես գալ նաև ԱՄՆ-ը: Այն հարցին, թե ինչպես կարող է տարածաշրջանում Թուրքիայի պես դաշնակից ունեցող ԱՄՆ-ն ապահովել մեր տարածաշրջանային անվտանգությունը, նա պատասխանեց, որ Թուրքիայի ակտիվացումն առաջին հերթին ձեռնտու չէ ԱՄՆ-ին, և այն որպես զսպիչ ուժ է հանդիսանում:
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մոտալուտ կարգավորումը Արա Պապյանն անհնարին է համարում, քանի դեռ Պուտինի օլիգարխ ընկերները չեն համոզել կամ ստիպել նրան էական զիջումների գնալ: «Ռուսական օլիգարխիան վարժվել է Արևմուտքի կյանքին: Նրանք ֆրանսիական ափերը Ղրիմի ծովափերի հետ չեն փոխի», – մեզ հետ զրույցում հավելեց նա:
Անի Անտոնյան