Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի ուղղությունը»

Օգոստոս 02,2014 13:50

Արթուր Բունիաթյանը համարում է, որ ադեկվատ հարվածները պետք է հուժկու լինեն

«Սահմանում տեղի ունեցող իրավիճակներն ունեն իրենց տրամաբանական պատճառներն ու դրդապատճառներն»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանում տեղի ունեցող իրավիճակին, հայտարարեց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը:

Նրա խոսքերով՝ հարցն ունի քաղաքական ենթատեքստ եւ հասարակության եւ իշխանությունների միջեւ ձեւավորված անդունդը եւ համատեղ անվտանգ ծրագրերի բացակայությունը առիթ է տալիս ադրբեջանական կողմին կատարել նման գործողություններ: Նա նշեց, որ իրենք առաջարկել են ստեղծել սահմանամերձ գյուղերի բնակիչներից կազմված արագ արձագանքման խմբեր, որոնք նման իրավիճակներում շատ արագ կկարողանան արձագանքել եւ կատարել առաջին քայլերը, մինչեւ համապատասխան մարմինները կիրականացնեն իրենց գործողությունները: Սակայն Պաշտպանության նախարարությունը մերժել է իրենց առաջարկը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ դեմ է այդպիսի խմբերի ստեղծմանը.

«Արագ արձագանքման խումբը պատերազմական փորձ ունեցող հիմնականում տղաներից է կազմված, որոնց զենք կրելու իրավունք է տրվում եւ այդ զենքը անմիջապես գտնվում է նրանց հսկողության տակ: Համապատասխան ստորաբաժանման հրամանատարը կամ պատասխանատուն՝ անձնական պատասխանատվությամբ կարողանում է զենքեր բաժանել: Այսինքն՝ այն մտավախությունը, որ զենքը կարող է կիրառվել, օրինակ՝ կենցաղային վեճերի ժամանակ, միանշանակ բացառվում է»:

Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանն էլ հայտարարեց, որ այստեղ պետք է զսպանակի օրենքը գործի.

«Միանշանակ ադեկվատ հարվածները պետք է շատ հուժկու լինեն: Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի ուղղությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031