Բարեբախտաբար, տուժածներ չկան
Օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 6-ն անց 10-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից ականանետային կրակ է բացվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի վրա: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ գյուղի ծայրամասի ուղղությամբ արձակվել է 7 ական, որոնք պայթել են Ոսկեվանի բնակիչներ Արթուր Ալեքսանյանի եւ Սերժիկ Եղիազարյանի տնամերձ հողամասերում, վնասվել են նրանց տների պատուհանները:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ օգոստոսի 2-ին ժամը 10-ից մինչեւ 10-ն անց 30-ը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բերքաբերի վրա: Գյուղապետի խոսքերով՝ ազերի զինյալները կրակում են հայկական դիրքերի վրա, ապա՝ կրակն ուղղում Բերքաբեր գյուղի վրա: Մադաթյանի վկայությամբ՝ օգոստոսի 1-ի վաղ առավոտյան, մոտ երեքուկես ժամը տեւած Բերքաբերի գնդակոծությունն իր ուժգնությամբ աննախադեպ էր: Բերքաբերից տարհանվել են փոքրիկ երեխաներ, հղի կանայք եւ զառամյալ ծերեր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ