Սահմանամերձ Չինարի գյուղում մի ընկեր ունեմ` անունը Գեւորգ է. իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Հաճախ չենք տեսնվում, բայց ամսական գոնե երկու-երեք անգամ հեռախոսով զրուցում ենք: Նրա զանգերից արդեն հասկանում եմ` թշնամին կրկին կրակել է: Գեւորգը զանգում է ոչ այնքան նրա համար, որ հակառակորդի կրակոցների մասին տեղեկացնի, այլ, որ ասեմ` ամեն ինչ լավ է լինելու, որ այստեղ` Երեւանում, իրենց կողքին են եւ ի վերջո խաղաղություն է լինելու: Ասում է` դրսից ասված խոսքը ավելի է հանգստացնում եւ որոշ չափով սփոփիչ է եւ ուժ է տալիս:
Ինչպես ասացի, Գեւորգն իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Նա եկեղեցի չի կառուցում, բարեգործություն չի անում եւ եթերից չի արտասանում վերամբարձ խոսքեր, բայց ես նրան համարում եմ հայրենասեր անձնավորություն, որովհետեւ մնացել է սահմանապահ այդ գյուղում, ամուսնացել, զավակ ունեցել եւ գյուղից հեռանալու մտադրություն չունի: Ընտանիքը մի կերպ է պահում, ստացած աշխատավարձը քիչ է, իսկ հողագործությամբ զբաղվել չի կարողանում. իր այգին հենց հակառակորդի դիրքերի հարեւանությամբ է, հողագործությամբ զբաղվելն այդ գյուղում նշանակում է ինքնակամ գնալ մահվան դուռը: Այդքանով հանդերձ, երբեք չեմ լսել, որ դժգոհի: «Դե հիմա ո՞վ է լավ ապրում որ, յոլա ենք էլի գնում, կարեւորը խաղաղություն լինի, ուրիշ բան չեմ ուզում»,- միշտ պատասխանում է նա իմ «ոնց ես»-ին:
Ասում է` մի քանի անգամ հարազատներն ու ընկերները կանչել են Ռուսաստան աշխատելու, բայց հրաժարվել է, ամեն անգամ նույն պատասխանն է տվել՝ բա մեր գյուղն ո՞ւմ թողնեմ: Գեւորգը պատմում է, որ մի անգամ մի քանի օրով մեկնել է Ռուսաստան բարեկամներին տեսնելու: Լրատվամիջոցներից իմացել է, որ իրենց գյուղի վրա կրակում են ու արձակուրդը կիսատ թողել նորից գյուղ է վերադարձել: «Ո՞նց հանգիստ ապրեի, երբ կինս ու աղջիկս էստեղ էին, թշնամին էլ կրակում էր»,- հետո պատմում էր նա:
Գեւորգին թվում էր, թե թշնամու կրակոցներն իր համար դարձել են սովորական, տան պատերին հակառակորդի կրակոցների բազմաթիվ հետքեր կան, անգամ հոր հուղարկավորության ժամանակ են կրակել. ինքն այդ իրավիճակը միշտ անվանում է «չհայտարարված պատերազմ», բայց երբեք չի ընկճվում, ասում է` նրանք կրակում են, բայց մեր տղերքն էլ պատասխան են տալիս ու նրանք լռում են:
Գեւորգը պատմում է, որ առաջին անգամ թշնամու հանդեպ իրական ատելություն եւ անզորություն զգաց վերջերս, երբ դստեր աչքերում վախ տեսավ ու կրակոցներից փոքրիկը սկսեց լացել:
Կարդացեք նաև
Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: