Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին թույլ են տալիս «յոլա գնալ» դիպուկահարներով, որպեսզի նա ավելին չպահանջի. «Ժամանակ»

Օգոստոս 02,2014 10:30

Նախօրեին հայկական զինված ուժերից ստացված լուրը, որ ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով զոհվել են երկու զինծառայողներ` Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը, հանրության մոտ ինչքան տխրություն, ցավ, վիշտ, միևնույն ժամանակ հպարտության ու նաև երախտագիտության զգացում է առաջացնում առ հերոս զինծառայողները, ովքեր կյանքը չեն խնայել Հայաստանի պաշտպանության համար: Երախտագիտություն՝ թե՛ նրանց լուսավոր հոգիների, թե՛ նրանց ծնողների հանդեպ, որ լույս աշխարհ են բերել այդպիսի արի զավակներ: Ի վերջո՝ բանակը ունի իր առաքելությունը, որի իրականացման ընթացքում, դժբախտաբար, վտանգի տակ է մարդու կյանքը, ու հաճախ հնարավոր չի լինում հեռացնել այդ վտանգը:

Միևնույն ժամանակ պետք է խոստովանել, որ Ադրբեջանին կարծես թե հաջողվում է պարբերաբար հիշեցնել պատերազմի չավարտվածության մասին, և, դժբախտաբար, այդ հիշեցումները տեղի են ունենում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքի գնով: Ու նաև տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն այդ առումով հայտնվել են անզոր վիճակում և ոչ մի կերպ չեն կարողանում Ադրբեջանին սաստել: Միջնորդներին ուղղված հայկական հորդորները, կոչերը մնում են անարդյունք, և Ադրբեջանը շարունակում է սպանել հայկական կողմում կանգնածներին:

Պարզապես սարսափելի է մտածել, որ ինչ-որ մեկը կարող է գերադասել այդ իրավիճակը՝ համարելով, որ ավելի լավ է լինի այդպես, քան սկսվի լայնածավալ պատերազմ: Սարսափելի է մտածել, որ Ադրբեջանին թույլ են տալիս այդպես հատ-հատ կրակել, երբեմն սպանել դիմացինին՝ պայմանով, որ նա երբեք չի փորձի ավելի մեծածավալ ռազմական գործողություններ իրականացնել: Բայց որքան էլ դժվար, որքան էլ անցանկալի և սարսափելի է այդպիսի բան մտածելը, միևնույն է, առկա իրավիճակը ավելի ու ավելի է նեղացնում տարբերակների, վարկածների ու բացատրությունների շրջանակը և կարծես թողնում է հենց այդ մեկը` Ադրբեջանին թույլ են տալիս «յոլա գնալ» դիպուկահարներով, որպեսզի նա ավելին չպահանջի:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031