Կան գերտերություններ` իրենց շահերով
Ռուսաստանը մի երկիր է` բռնապետական ռեժիմով, թույլ տնտեսությամբ, հետամնաց տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Միացյալ Նահանգները մի երկիր է` ժողովրդավարական ռեժիմով, ուժեղ տնտեսությամբ, առաջադեմ տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Որեւէ գերտերություն «աշխարհի փրկիչ», «արդարության մարմնավորում» կամ հակառակը՝ «չարիքի կայսրություն» ներկայացնելը միամտություն է, մեր՝ հայկական «կողմնորոշումային» սահմանափակ մտածողության արգասիք:
Իմ համաքաղաքացիների մեծ մասը հալած յուղի տեղ է ընդունում Ուկրաինայի եւ մնացած հարցերում ոուսաստանյան հեռուստաալիքների քարոզչությունը, որն ամեն Աստծո օր թափվում է նրանց գլխներին՝ ցանկություն կամ հնարավորություն չունենալով ճշտել այդ տեղեկատվությունն այլ աղբյուրներից: Միացյալ Նահանգների, Եվրոպայի հեռուստադիտողներն ավելի թերահավատ են, որովհետեւ նրանք մեծացել են դարերի ընթացքում հղկված ժողովրդավարական ավանդույթների պայմաններում: Ազատ հասարակություններում մարդիկ հակված չեն կուրորեն հավատալու լրատվամիջոցների տեղեկատվությանը՝ ի տարբերություն «Պրավդայի» առաջնորդողների վրա դաստիարակված սերունդների:
Բայց Հայաստանում կա մարդկանց համեմատաբար փոքրաթիվ խումբ, որը հակառակը՝ ծափահարում է Արեւմուտքի ցանկացած քայլի, իսկ երբ լսում է Պուտինի անունը, աչքերի մեջ ոչ այնքան բարի կայծեր են խաղում: Դա «մինուսի նշանով» նույն ծայրահեղությունն է՝ գտնել աշխարհում «բարության բեւեռ» եւ դրան երկրպագել: Արեւմուտքն անձամբ ինձ համար արժեքային համակարգ է, ոչ թե քաղաքական փարոս, որին պետք է ամեն գնով ձգտել:
Կարդացեք նաև
Կանացի ժանյակավոր ներքնազգեստի եւ բարձրակրունկ կոշիկի համար Եվրասիական միությունում նախատեսվող արգելքը մարազմ է: Սակայն «հակաարեւմտյան հայացքներով» ռուսաստանցի երգիչներին Լատվիայում կայացած «Նոր ալիք» մրցույթին չթողնելը նույնպես մարազմ է: Հայաստանի իշխանություններին կոչ անել` միջոցներ ձեռնարկել «սխալ դիրքորոշում ունեցող» հ/կ-ների դեմ՝ ՌԴ դեսպան Վոլինկինի կողմից դիվանագիտական էթիկետի խախտում էր: Բայց մեր կառավարությանն եւ գործարարներին ուղղված հորդորը` գործ չունենալ ռուսաստանյան բիզնեսի հետ, նույնպիսի խախտում է՝ հակառակ կողմից:
Ռուսաստանը զինում է, նախապատրաստում է, աջակցում է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի գրոհայիններին: Բայց Միացյալ Նահանգները նույնպես զինում եւ նախապատրաստում է Սիրիայում, Իրաքում եւ մի շարք այլ երկրներում պատերազմ վարող ոչ պակաս վտանգավոր գրոհայիններին: Ասել, որ այս զինյալները պայքարում են վեհ գաղափարների համար, իսկ այն զինյալները ուզում են պայթեցնել մոլորակը` կամ մոլորություն է, կամ էլ փարիսեցիություն:
Իհարկե, գոյություն ունի քաղաքականություն, որն առաջնորդվում է «բարու» եւ «չարի» մասին հատուկ պատկերացումներով: Ժամանակակից հայ հետազոտողներից մեկը` Կարեն Աղեկյանը, գրում է, որ զբաղվել քաղաքականությամբ՝ նշանակում է տալ թշնամու անունը: Այնքան ժամանակ, որքան դուք ասում եք` լիբերալիզմ, սոցիալիզմ, եվրոպամետություն, ռուսամետություն, հայակենտրոնականություն` այդ ամենը քնարերգություն է: Հենց որ դուք ասում եք` Սերժ Սարգսյան, Պուտին, Օբամա, մասոններ, թուրքեր, սիոնիստներ` ահա այստեղ է սկսվում իսկական քաղաքականությունը: Այսինքն` դուք ձեր կողմնակիցներին կամ ցեղակիցներին ցույց եք տալիս այն կարմիր շորը, որը տեսնելիս հարկ է կատաղել. դա է, հավանաբար, քաղաքականության իմաստը:
Բայց այդ քաղաքականության մեջ կորում է Մարդը, նրա ազատությունն ու արժանապատվությունը, կորում է բոլոր մարդկանց՝ խաղաղ ձեւով ինքնարտահայտվելու իրավունքը, կորում է, վերջապես, կարեկցանքը մարդկային ցանկացած էակի հանդեպ: Այնպես որ՝ եկեք երբեմն քաղաքականությամբ չզբաղվենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»
02.08.2014