Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդների աշխարհի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը պատրաստվում են պատանեկան օլիմպիական խաղերին

Օգոստոս 02,2014 13:55

Հայաստանցի բռնցքամարտիկներ, աղջիկների երիտասարդների աշխարհի չեմպիոն եւ այս տարի մասնակցած իր բոլոր միջազգային մրցաշարերի հաղթող, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որոնք մասնակցելու են Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանիների ամառային օլիմպիական խաղերին, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ից 30-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացրին:
«Առավոտը» այդ ընթացքում այցելել էր նրանց եւ զրուցել Վազգեն Բադալյանի հետ:

– Պարոն Բադալյան: Ի՞նչ նպատակով է կազմակերպվել այս հավաքը եւ ինչպե՞ս է այն ընթանում:

– Սա պատանիների օլիմպիական խաղերի նախապատրաստության առաջին փուլն է, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնում ենք բռնցքամարտիկների ընդհանուր եւ հատուկ պատրաստվածությանը: Անուշն ու Նարեկը պլանավորվածի համաձայն ընդհանուր հավաքի ընթացքում երեք անգամ կբարձրանան Թեղենիս լեռ: Նրանք օգտվում են օլիմպիական մարզաբազայի լողավազանից, մարզադահլիճում աշխատում բռնցքամարտի եւ ծանրամարտի գործիքների վրա: Բռնցքամարտի ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը ամեն բան արել են, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք: Այս մարզումների առանձնահատկությունն այն է, որ այս փուլում բռնցքամարտիկների արագության վրա շատ չենք կոնկրետանում, դրա փոխարեն շտկում ենք տեխնիկատակտիկական որակները, աշխատում ենք հարվածների ընդգծվածության եւ ուժի վրա, ծանրաձողերով երկարատեւ վարժություններով բարձրացնում՝ զարգացնելով արագաուժային որակները, դիմացկունությունը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը, ինչու չէ, նաեւ կամային որակները: Ամեն բան անցնում է ըստ ֆեդերացիայում հաստատված ծրագրի, մարզիկներն իրենց լավ են զգում եւ օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում մարզաբազայի տնօրինությանը, որոնք ամեն ինչով ընդառաջում են մեզ եւ աջակցում:

– Նախապատրաստության երկրորդ փուլ նախատեսվո՞ւմ է:

– Անպայման: Օգոստոսի սկզբից Երեւանում կսկսենք հիմնական հավաքը: Այդ ժամանակ արդեն ամբողջ հավաքը նվիրված է լինելու տեխնիկատակտիկական պատրաստվածությանը: Մարզիկները կաշխատեն ձեռնոցներով, ռինգում կանցկացնեն մարտական մենամարտեր համապատասխան զուգընկերների հետ:

– Համապատասխան քաշային կարգերի մարզումային մրցակիցներ կա՞ն: Խոսքը հիմնականում Անուշի մասին է:

– Ցավոք, Անուշի մակարդակի աղջիկներ առայժմ չունենք: Դրա համար հրավիրելու ենք նրա քաշային կարգի տղաների: Կարծում եմ, որ տղաների հետ մարտեր վարելը բավականին լավ կանդրադառնա Անուշի մարզավիճակի վրա, նրան ավելի նեծ վստահություն կհաղորդի: Ինչ վերաբերում է Նարեկին, երիտասարդների մեջ էլ 81 կգ քաշային կարգում նրան հավասար այնպիսի բռնցքամարտիկ չկա, որի հետ մենամարտելը նկատելի օգուտ կբերի նրան: Այնպես որ, Նարեկին «կստուգեն» մեծահասակները:

– Մեր բռնցքամարտիկների ապագա մրցակիցներին ուսումնասիրե՞լ եք:

-Այո: Քաշային կարգերում լինելու են վեց բռնցքամարտիկներ, որոնց մեծ մասին լավ ճանաչում ենք: Գիտենք նրանց մարտաոճը, ուժեղ եւ թույլ կողմերը, անգամ, թե ինչ հասակ ունեն: Ու երեւանյան հավաքին հրավիրում ենք այնպիսի բռնցքամարտիկների, որոնք առավելագույնս նման են ապագա մրցակիցներին:

– Հայաստանի ընդհանուր պատվիրակությունը Նանջինգ մեկնում է օգոստոսի 11-ին, իսկ բռնցքամարտի մրցումները մեկնարկում են օգոստոսի 23-ին:

– Այո: Այդ ժամանակը բռնցքամարտիկներին անհրաժեշտ է նոր ժամային գոտուն հարմարվելու եւ կլիմայափոխվելու համար: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է համատեղ մարզումներ անցկացնել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների հավաքականների հետ, որոնք մեր հիմնական մրցակիցներն են լինելու:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031