Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոն Մովսեսյանի «Ափ» թատերախումբն արդյունավետ է աշխատում

Օգոստոս 02,2014 14:05

Գլխավորն աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունքն է,
այլ ոչ թե պետական կարգավիճակը

Samson_MovsisyanՀաճախ այդ գործն ավելի լավ են կատարում որոշ թատերախմբեր, քան պետական թատրոնների մի մասը: Սա թատերարվեստի գործիչների՝ տարբեր առիթներով հաճախ հնչող կարծիքներից է: Այս առիթով երբեմն տրվում է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի անունը, որը ղեկավարում է 2006թ. իր հիմնած «Ափ» թատերախումբը: Ռեժիսորն այն եզակի արվեստագետներից է, որը 2 տարի անընդմեջ արժանացավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում. 2012թ.՝ Գոգոլի «Քիթը» եւ 2013թ.՝ Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» բեմադրությունների համար: Նշենք, որ Գոգոլի ստեղծագործությունը ռեժիսորն իրականացրել է իր թատերախմբի հետ, իսկ Քերոլի երկը՝ Տիկնիկային թատրոնում:

«Առավոտի» հետ զրույցում Սամսոն Մովսեսյանն ասաց, որ թատերախմբի կորիզը կազմում են 10 պրոֆեսիոնալ դերասանները, եւ իրենք մշտապես մասնակցում են հայաստանյան տարբեր միջոցառումների, երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնից մինչեւ «Հայֆեստ», «Արմմոնո» ու «Թատրոն X», խաղացանկում էլ ունեն 15 ներկայացում՝ երեխաների եւ մեծահասակների համար: Հարցին, թե գալիք թատերաշրջանում խաղացանկային ո՞ր ներկայացումներով հանդես կգան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մինչեւ դեկտեմբեր կխաղանք Գոգոլի «Քիթը», Սենագոնի «Գեյշան» եւ Հասմիկ Չարենցի «Մարգարիտներ եւ ջրափոսեր» պիեսի հիման վրա բեմադրած «Մարդիկ, վերեւ նայեք» ներկայացումները: Պատրաստում ենք նաեւ Էդգար Պոյի «Ագռավը» եւ Գոգոլի «Վիհը»:

Մեր զրուցակցին խնդրեցինք պարզաբանել ժամանակին «Մարդիկ, վերեւ նայեք» ներկայացման հետ կապված հեղինակի դժգոհությունը: «Ես դա դժգոհություն չէի անվանի, պարզապես հեղինակին խրտնեցրել էր հոգեբանական դրամային իմ մոտեցումը: Դրամայում պատմվում է, թե ինչպես թմրամոլ երիտասարդը որոշում է պոռնիկ մի աղջկա կտրել «որդեգրած» ճանապարհից ու նրա հետ ընտանիք կազմել: Հեղինակը ներկայացնում է շիզոֆրենիայով տառապող աղջկան, որը սիրում է մի իշխանավորի: Ես ներկայացրել էի այդ ամենն իբրեւ աղջկա երեւակայության արդյունք: Իսկ ըստ հեղինակի՝ դա իրական պատմություն է. ընդամենը սա էր դժգոհության պատճառը»,- հայտնեց ռեժիսորը: Խնդրեցինք նաեւ կարծիք հայտնել վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացված «Հայ-թուրքական մշակութային երկխոսություն» նախագծի մասին, որին իր մասնակցությունն էր ունեցել ռեժիսորը: «Դեսպանատունը մեզ եւ թուրքերին առաջարկել էր բեմադրել նույն ներկայացումը՝ Ջոնսոնի «Անծանոթը քաղաքում» պիեսը անգլերենով: Որպես մշակութային երկխոսության վայր ընտրվել էր Թբիլիսին, ուր եւ խաղացինք ներկայացումը: Քննարկումների արդյունքում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հավանություն տվեցին մեր ներկայացմանը: Թուրքերը նշում էին, որ իրենց երկրում բեմադրություններ իրականացնելիս առավելությունը տրվում է տեղացի հեղինակներին: Նրանք իրականությունից հեռու «մտահղացում» էլ էին արել. պիեսը ձեւել էին իրենց «հագով» ու ներկայացնում էին թուրքական միջավայրում: Կային տեսարաններ, որ ամերիկյան միջավայրը չէր «տեղավորվում» թուրքականի մեջ, ինչը ծիծաղ էր առաջացնում: Սա դեռ ոչինչ: Հանդիսատեսը պարզապես քրքջաց հատկապես հարսանիքի տեսարանում: Պատկերացնո՞ւմ եք՝ ամերիկյան հարսանիքը հրամցնել թուրքական ադաթներով…»:

Սամսոն Մովսեսյանն ասաց, որ թատերախմբով հանդես են գալիս հիմնականում մարզերում, Արցախում, ցավով էլ նշեց, որ, իր խոսքերով՝ «պարզվում է՝ Հայաստանում դեռեւս կան գյուղեր, որտեղ ոչ միայն երեխաները, այլեւ մեծերը տիկնիկային ներկայացում չեն տեսել»: Հետաքրքրվեցինք՝ օրինակ, Երեւանում ո՞ր բեմերում են խաղում, ի՞նչ միջոցներով են իրականացնում բեմադրությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մինչ օրս տարբեր թատրոններում խաղացել եմ, բեմադրել նոր տարվա հանդեսներ եւ այլ միջոցառումներ ու տնտեսել աշխատածս գումարը՝ նոր ներկայացումների համար: Քանիցս նամակներ եմ ուղղել «վերեւներ», եւ ոչ մի պատասխան: Միայն 2012թ. «Գեյշան» իրականացրինք Ճապոնիայի դեսպանատան հովանավորությամբ, սեպտեմբերին էլ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցչությունը կաջակցի ներկայացնելու «Քիթը»: Ինչ վերաբերում է բեմերին, մենք հիմնականում խաղում ենք Թատերական գործիչների միությունում եւ Տիկնիկային թատրոնում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Դրբագ՝ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումից:

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031