Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «կտրո՞ւմ է պորտալարն» օլիգարխիայից

Օգոստոս 02,2014 14:35

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանայել իր կենսակերպը: «Առավոտի» տեղեկություններով՝ վարչապետը, որը Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին կուսակցական քեֆ-ուրախությունների ակտիվ մասնակիցն էր, հաճախ նաեւ կազմակերպիչը, այժմ որոշել է այլ քաղաքականություն վարել. Հովիկ Աբրահամյանն այլեւս հրաժարվում է «ամեն տեսակ» կուսակցական քեֆերին մասնակցելուց: Նա ընդունում է բացառապես պաշտոնական ընդունելությունների հրավերները:

Հովիկ Աբրահամյանի սույն կեցվածքի համար երկու պատճառաբանություն կա: Պատճառաբանություն առաջին՝ իշխանական որոշակի շրջանակներում խոսվում է այն մասին, որ այսպիսով վարչապետը ցանկանում է «պորտալարը կտրել» խոշոր եւ միջին օլիգարխիայից, որպեսզի կարողանա ինչ-որ չափով գոնե կյանքի կոչել իր իսկ հռչակած ծրագրի կարեւորագույն դրույթը՝ ստվերի դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ հուլիսի մեկից, ըստ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի, ստվերի դեմ պայքարի շրջան է մեկնարկել Հայաստանում: Ավելի վաղ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում սկանդալային հայտարարություն էր արել՝ ասելով, որ պետբյուջեի 70 տոկոսն անարդյունավետ է ծախսվում: Ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ ի հեճուկս ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների այն հայտարարությունների, որ Հայաստանում, պաշտոնական թվերով, ստվերը 50 տոկոս է կազմում, Իշխան Զաքարյանն ասաց, որ Հայաստանում ստվերը 70 տոկոս է:

Պատճառաբանություն երկրորդ՝ նույն իշխանական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, վարչապետի՝ կուսակցական քեֆ-ուրախություններին ընտրովի մոտեցումը նկատելի էր դեռ հետընտրական շրջանում, երբ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայած հասարակական շրջանակների՝ բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն, մարզային երախտիքի երեկոներից Հովիկ Աբրահամյանը ոչ բոլորին մասնակցեց: Ժամանակին սա բացատրվում էր անձնական հակա եւ համակրանքներով:

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կառավարությունում եւս մի կարգ է «վերանայվել», որ, ի դեպ, արարողակարգի խախտում է: Ըստ արարողակարգի՝ երբ վարչապետը երկրից մեկնում է պետական կամ պաշտոնական այցով, նրան օդանավակայանում պետք է ճանապարհեն նախարարները: Իբրեւ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի առաջին այցը ՌԴ, Սոչի, աչքի ընկավ հենց դրանով: Օդանավակայանում վարչապետին ճանապարհում էին միայն փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը հատուկ նպատակ չի ունեցել արարողակարգ խախտելու եւ ոչ էլ «խնայել» է սեփական նախարարներին, պարզապես ցանկացել է «ավելորդ շքեղություններից» խուսափել: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ականատեսների պատմելով, շատ նախարարներ անգամ խորհրդակցություններ են ընդհատել, մարզային հանդիպումներ կիսատ թողել՝ սիրելի վարչապետի ետեւից թաշկինակ թափահարելու համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ինքն իր պորտալաը ոնց կտրի??????????????????????

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Ստերի սուտն է…
    Եվ այդ սուտը ջրի երես դուրս կգա…
    Ինչպես ինքն է հաճախ կրկնում` դրա համար ,,ժամանակ է պետք,,…
    Երկրի կոծանումը ապվարտին հասցնելու համար ժամանակ է պահանջում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031