Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան երկար ժամանակ կարծել է, թե հեքիաթի հերոսն ինքն է

Օգոստոս 01,2014 20:53

Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի՝ օրերս լույս տեսած «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային գրքին Aravot.am-ն արդեն անդրադարձել է շնորհանդեսի առիթով:

Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ն. Եդիգարյանն ասաց, որ նոր լույս տեսած գրքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Դա, ըստ նրա, պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ հետաքրքիր ու անսովոր հերոսներ՝ իրենց նույնքան անսովոր և հորինված անուններով, կերպարների մատուցման յուրօրինակ մոտեցում, գեղեցիկ նկարազարդումներ և այլն: Ի դեպ, ըստ հեղինակի, նկարազարդումն առանձնակի կարևորություն ունի, որովհետև երեխաներին առաջինը գրավում են հենց նկարազարդումները. «Իսկ բովանդակային առումով կարևորը հերոսներին հետաքրքիր ձևով մատուցելն է, ոչ սովորական կերպարներ ստեղծելը,- ասում է Ն. Եդիգարյանը,- հեքիաթում, օրինակ, մի կերպար կա՝ Ֆուռեֆուռեն, որն ապրում է քաղաք Ֆուռեֆուռեում, նա մեծ բեղեր ունի, որի վրա լվացք է փռում: Շատ հետաքրքիր կերպար է Շոկոլակը, որը հայտնվում է գլխավոր հերոսի երևակայության մեջ և ամեն անգամ այդ գործողությունը կատարելիս երկու կիլոգրամով նիհարում է… Ըստ իս՝ անսովոր ու հետաքրքիր կերպարները երեխաներին դուր են գալիս»:

Ն. Եդիգարյանն ասաց նաև, որ «Իմ տատիկ Թամթիմարիան» ժամանակին մաս-մաս տպագրվել է մանկական մի ամսագրում, և դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն հիշեց. «Մի երեխա կար, որը դպրոցում խնդիրներ ուներ, ինչպես և իմ գրքի հերոսը, նրա ազգանունը համընկնում էր իմ հերոսի ազգանվանը, և այդ երեխային թվում էր, թե ես իր մասին եմ գրում: Նա անընդհատ նամակներ էր գրում ինձ ու հարցնում, թե ինչ է լինելու հետո»:

Մանկագիր Երվանդ Պետրոսյանն էլ շնորհավորեց հեղինակին՝ նոր լույս տեսած գրքի առթիվ և իր ուրախությունն արտահայտեց, որ այսօր մեր կողքին կան նաև երիտասարդ մանկագիրներ. «Իմ ճանաչած մանկագիրները մեծամասամբ ինձ նման տարիքն առած մարդիկ են, և, կարծում եմ, երիտասարդ մանկագիրների պակասն զգալի է: Այսօր նրանց կարիքը, նրանք պիտի գան, որ նոր լիցք հաղորդեն, նոր ժամանակների շունչը բերեն մանկական գրականություն»,- ասաց պարոն Պետրոսյանը՝ նկատելով, որ սերնդափոխությունը, այսպես թե այնպես, անհրաժեշտ է:

Ե. Պետրոսյանն անդրադարձավ նաև մանկական գրքերի նկարազարդումներին: Նախ իր ափսոսանքը հայտնեց, որ առաջվա գրքերում այդքան շատ չէին նկարազարդումները, ապա խոսեց դրանց արատավոր կողմի մասին. «Շատ հաճելի է, որ այսօրվա մանկական գրքերը նկարազարդ են։ Բայց լավ կլիներ, որ նկարազարդումն ու բովանդակությունը համապատասխանեին իրար։ Հաճախ հանդիպում են գրքեր, որոնք հոյակապ նկարազարդումներ ունեն, բայց ասելիք չունեն, և հակառակը՝ գրքեր, որոնք ասելիք ունեն, բայց անճաշակ նկարազարդման պատճառով տուժում են: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ միշտ էլ ասելիքն է կարևորը»,- ասում է մանկագիրը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031