Այսօր` օգոստոսի 1-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց Ավան վարչական շրջանում, որից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով բազմահարկ շենքերի ջերմամեկուսացման պիլոտային ծրագրին` քաղաքապետը նշեց, որ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը իրականացնում է համատեղ ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ: Իսկ ընտրել են Ավան վարչական շրջանը, քանի որ նրա 3 թաղամասերում կենտրոնացված ջեռուցում է իրականացվում.
«Մեկ տարի առաջ այս ծրագիրն իրականացրեցինք եւ ձմռանը փորձ ունեցանք, որ մոտ 60 տոկոս խնայողություն տեղի ունեցավ: Մենք ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ համագործակցում ենք, որ հետագայում նույնպես բազմաբնակարան շենքերում այսպիսի ծրագրեր իրականացնենք»:
Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ փորձնական շրջանում քաղաքացիները իրենց գոհունակությունն են հայտնել եւ նույնիսկ ասում են, որ իրենց բազմաբնակարան շենքին քաղաքապետարանը «մուշտակ է հագցրել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ արժե մեկ այդպիսի «մուշտակը», Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի միջոցներով է ծրագիրն իրականացվել.
«Ես չեմ ուզենա ֆինանսական գնահատականներ տալ, քանի որ դա փորձնական, պիլոտային ծրագիր էր, եւ ՄԱԿ-ի գրասենյակը իր ուժերով դա իրականացրեց, բայց մեծ գումարների մասին խոսքը չի գնում, հետագայում` վերջնական հաշվարկներն ունենալուց հետո, բանակցություններից հետո մենք հստակ կասենք»:
Անդրադառնալով բազմամարդ շենքերի առաջին հարկերում 24 ժամ գործող ակումբների խնդրին` քաղաքապետը հայտարարեց, որ ինքը դեմ է այդ երեւույթին, բայց դա քաղաքապետի լիազորությունների շրջանակում չէ.
«Վերջին 2 տարիների ընթացքում 32 նմանատիպ օբյեկտներ են փակվել քաղաքացիների դժգոհության, հասարակական կարգը խախտելու համար: Եթե մեկ քաղաքացու, բնակչի բողոք եղավ, համոզված եղեք շատ հստակ է դրված համապատասխան ծառայության վրա, որ այն փակվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ