Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու անդամ. «Եթե ինձ ծեծեին, ես անպատասխան չէի թողնի»

Օգոստոս 01,2014 20:09

Օրերս Գյումրիում խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանի թիկնապահները վիճաբանել ու ծեծել են ավագանու անդամներից մեկին` Վահան Հունանյանին` չթույլատրելով նրան վերև բարձրանալ: Իսկ պատճառը եղել է ավագանու անդամի սպորտային հագուստով ներկայանալը: Ի պատասխան այս հարցի, Գյումրու քաղաքապետը պատասխանել էր,  որ ինքը թիկնապահներ չունի, քաղաքապետարանի շենքը հսկում են «միլիցոներները», սակայն չի պատկերացնում, որ նման միջադեպ եղած լինի:

Այսօր Aravot.am-ին այս թեմայով պարզաբանումներ ներկայացրեց նաև ավագանու անդամ Վահան Հունանյանը: «Ես հերքում եմ էդ փաստը, քանի որ ես` որպես մարդ, որպես ավագանու անդամ, շատ լավ գիտակցում եմ, որ սպորտային հագուստով չի կարելի մտնել պետական կառույցներ, առավել ևս այնտեղ, որտեղ ես աշխատում եմ: Ասեմ, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերաբերմունքը շատ հարգալից է ավագանու անդամների նկատմամբ, նման բան չկա, իսկ եթե նման միջադեպ լիներ. որևէ մեկի մտքով անցներ ինձ ծեծել, թեև ասեմ, որ ինձ ծեծելը հեշտ չէ, ի՞նչ եք կարծում` ես անպատասխան կթողնեի՞, ես անպայման կպատժեի նրանց»:

Այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ տարածվում, եթե որևէ միջադեպ չի եղել, հարցրեցինք մենք: «Դե բամբասանքներ են»: Իսկ ինչո՞ւ չէիք եկել անցած ավագանու նիստին, որտեղ քվորում չէր ապահովվում, ու քաղաքապետը չգիտեր ինչպես շարունակեր նիստը: «Ես նախանցած նիստին էլ չեմ եղել, բայց ոչ մեկը չհարցրեց ինչի՞ չես եկել, անցած նիստին քաղաքում չէի, իրավունք ունեմ հանգստանալու չէ՞»: Մենք նաև հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ է իր հեռախոսահամարը սխալ տեղադրված Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: «Չգիտեմ ինչու են սխալ տեղադրել, տեղյակ չեմ, ես ունեցել եմ հին համար, որը փոխվել է, ունեմ նոր համար, որը դուք արդեն գիտեք: Ձեր հեռախոսազրույցը չգիտեմ ում հետ է եղել, բայց կոնկրետ իմ հետ չի եղել, ես նման կոպիտ ձևով չեմ շփվում լրագրողների, մանավանդ կանաց ու աղջիկների հետ»,- ասաց ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ մենք երկու օր առաջ քաղաքապետարանի պաշտոնական կայքից վերցնելով Վահան Հունանյանի հեռախոսահամարը` փորձել էինք այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ նաև նրանից: Սակայն հեռախոսը վերցրած անձը, անգամ չհետաքրքրվելով, թե ով է իրեն զանգահարել, բարկացած տոնով պատասխանել էր, որ «ստեղ Վահան Հունանյան չկա»:

Ի նկատի ունենալով, որ ավագանու անդամը ընտրովի է, իր ընտրազանգվածին նա ամեն վայրկյան հասանելի պիտի լինի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին առաջարկում ենք վերանայել ու ճշգրիտ հեռախոսահամարներ տեղադրել, երբեմն թարմացնել իրենց կայքում տեղադրված տվյալները:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031