Այսօր` օգոստոսի 1-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց Ավան-Առինջ թաղամասում գտնվող նորակառույց այգի եւ կտրեց այգու կարմիր ժապավենը:
Նա լրագրողներին հայտնեց, որ այգու տարածքը մասնավոր սեփականություն է, եւ ինքը համագործակցել է սեփականատիրոջ հետ, որպեսզի այդ տարածքը խաղահրապարակ ծառայի երեխաների համար:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը այցելեց եւ կտրեց նաեւ Դուրյան թաղամասի նորակառույց այգու ժապավենը:
«Ամեն երեկո գալիս նստում ենք ցայտաղբյուրի մոտ, մաքուր օդ է, այնքան բավականություն ենք ստանում: Եվ այդպես բոլորը, միայն ես չեմ»,- քաղաքապետին հայտնեց բնակիչներից մեկը:
Քաղաքապետին քաղաքացիները մոտենում էին ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլեւ իրենց խնդիրներին լուծում ստանալու համար, սակայն այդ քաղաքացիներն արժանանում էին ներկաների նախատինքին. «Այսօր ուրախության ժամ է, բողոք չկա»:
Մանրամասները` տեսանյութում:
Տարոն Մարգարյանը այցելեց նաեւ Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 52 մանկապարտեզը, որտեղ նորոգման աշխատանքներ են իրականանում: Ծանոթանալով կտարվող աշխատանքներին` քաղաքապետը հանդիպեց մանկապարտեզի սաների հետ, որոնք իրենց շնորհակալությունը` բանաստեղծությունների տեսքով հայտնեցին քաղաքապետին:
Պարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարիներից հետո մանկապարտեզների վիճակն բարոք չէ, եւ վերջին տարիների ընթացքում մանկապարտեզները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են.
«Երեւանում ունենք 159 մանկապարտեզներ, եւ ես համոզված եմ, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կունենա, եւ մի քանի տարի հետո Երեւան քաղաքի մանկապարտեզներում չենք ունենա հին գույք, չենք ունենա չվերանորոգված մանկապարտեզներ»:
Անդրադառնալով մանկապարտեզների հերթացուցակին` Տարոն Մարգարյանը նշեց, որ մանկապարտեզները վերանորոգելուց հետո իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի փոքր երեւանցիների համար մանկապարտեզ գնալու հնարավորություններ ստեղծեն.
«Մինչեւ 30 հազար երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ, սեպտեմբերի 1-ին եւս 8 հազար երեխա արդեն կհաճախի մանկապարտեզներ: Եվ կփորձենք հերթացուցակի խնդիրը որոշ չափով լուծել, բայց ես չեմ համարում դա խնդրի վերջնական լուծում, քանի որ տաս տարի առաջ որոշ մանկապարտեզներ վաճառվել են, որոշ մանկապարտեզներ այլ նպատակներով են ծառայում, եւ այսօր հանձնարարել եմ Անշարժ գույքի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին գույքագրում անցկացնել բոլոր մանկապարտեզներում, այն տարածքներում, որոնք ժամանակին վարձով են, տրվել են անհատույց օգտագործման, մենք պետք է վերանայենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ