Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այսօրվանից 10 տոկոս թանկացում է սպասվում (Տեսանյութ)

Օգոստոս 01,2014 17:43

Այս մասին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը` կասկածամտորեն վերաբերելով պաշտոնական տվյալներին, ըստ որոնց, թանկացումները կկազմեն 5-8, 4-6 տոկոս:

Սուսաննա Մուրադյանը, ինչպես և «Ժառանգության» մյուս անդամները`Արմեն Մարտիրոսյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, այն կարծիքին էին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չտրամաբանված է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարալիզացված լինելու արդյունքն է: Ըստ նրանց, էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է այն դեպքում, երբ անորակ, կալորիականությունից զուրկ հոսանք է մատակարարվում, բացի այդ, միջնորդավճարը առավելագույնը 40 տոկոս պետք է լինի, չի կարող կրկնակի լինել:

Այս առիթով տնտեսագետ Սուսաննա Մուրադյանն ասաց. «Ցանկացած եվրոպական երկրում միջնորդավճարը չի կարող գերազանցել 40 տոկոսը, եթե հաշվենք էդպես, ուրեմն 50 տոկոսը թող լինի 58 դրամ, 16 գումարած 8, լինում է 24 , դա ուրեմն էն դեպքում, երբ մեր էլեկտրասյուները փոխված լինեին, բոլոր էդ սպասարկող օբյեկտները հագեցած լինեին նոր տեխնոլոգիաներով, վերանորոգված և այլն: Ինչպես մենք բոլորս գիտենք, կալորիականությունը ցածր, հոսանքի որակը էնքան վատ է, որ էլեկտրասարքերը բնակարաններում անընդհատ փչանում են, հոսանքի տատանումներն անընդհատ ազդում են մարդկանց առողջության վրա»:

Ըստ տնտեսագետի, սոցիալական խնդիրը սերտ կապված է քաղաքական դաշտի հետ, որովհետև ոչ մի սոցիալական խնդիր չի կարող հենց այնպես լուծվել, վերջիվերջո քաղաքական լուծում է տրվում, կամ հակառակը` քաղաքական լուծման արդյունքում է առաջանում սոցիալական խնդիրը: Ըստ նրա, գնագոյացման պարագայում, եթե չլիներ ոչ լեգետիմ իշխանությունների ոչ կոմպետենտ լուծումը, ապա գազի, լույսի և առաջին անհրաժեշտության հետ կապված չէր լինի սոցիալական ընդվզում կամ սոցիալական բևեռացում:

«Բոլորիս քաջ հայտնի փաստ է, որ տնտեսությունը գտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, այդ թվում՝ ոչ կոմպետենտ, կառավարման հետ հեչ կապ չունեցող մարդկանց: Բիզնեսը, տնտեսությունը և պետությունը սերտաճել են, ավելին` բիզնեսը, քաղաքական էլիտան և մի կուսակցությունը հայտնի` Հանրապետական կուսակցությունը սկսել են ներկայացնել մեր պետությունը, սա մեր պետության ցավն է, մեր ցավն է, և բոլորս դրանում համոզվել ենք և քաջատեղյակ ենք: Ի՞նչ պետք է անենք, պետք է ազգային ընդվզման ալիք բարձրանա, որովհետև այսպես շարունակել ուղղակի հնարավոր չէ, որովհետև, եթե մեզ թվում է և այդպես էլ կա, որ 2008 թվին մենք վատ էինք ապրում, 2013 համեմատությամբ սկսեցինք շատ ավելի վատ ապրել: Օրինակ` 2012-2013 թվի համեմատությունը. ՀՆԱ-ի մակարդակը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով 3600 –ից իջավ 3452, աղքատությունը 27,2 տոկոսից, պաշտոնական տվյալներով, հասել է 32,6 տոկոսի, բայց մենք բոլորս գիտենք, որ դա այն թվերը չեն, աղքատությունը արդեն 40 տոկոսի մակարդակի է իրականում: Պաշտոնական թվերով, գնաճը 6,4 տոկոս է, բայց բոլորս շատ լավ գիտենք, տեսեք մենք խոսում ենք էլեկտրաէներգիայի, գազի թանկացման մասին`ասելով, որ դա նպաստում է աղքատությանը, մենք խանութներում զգում ենք այդ ամեն ինչը` թթվասեր, մածուն գնելով և էդ բոլորը նորից խեղճ, աղքատ ժողովրդի գրպանից: Եվ ամենացավալին այն է, որ մարդիկ այլևս արտագաղթում են ոչ թե աղքատությունից, այլ անօրինությունից, երկրում տիրող օրենքի սելեկտիվ կիրառման արդյունքում, որովհետև այսպես շարունակելով մենք ունենք ազգային անվտանգության խնդիրը, որովհետև, ոչ պաշտոնական տվյալներով, մենք ունենք 2 միլիոն 600 հազար մարդ, ինչքան էլ, որ երկրի ղեկավարները ասեն, որ 3,5 միլիոն մարդ կա երկրում»-, ասաց տնտեսագետը:

Ըստ նրա, իրեն հարգող ցանկացած երկիր ունի «Ինդեքսացիայի մասին» օրենք, այսինքն` գնաճին զուգահեռ, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավերի համար պետք է ինդեքսացիա լինի, այսինքն` փոխհատուցում, սակայն, ըստ բանախոսի, դիտմամբ, չարամտորեն չի ընդունվում այդ օրենքը ՀՀ-ում: «Մի ցուցանիշ կա մեր երկրում, որը համեմատած 2008 թվականի հետ բարձրացել է, դա մեր պատգամավորների և մեր նախագահի դե ֆակտո, որն այդպես էլ չդարձավ, չվայելեց ընտրված նախագահ դառնալու հաճույքը, 400 հազարից նրա աշխատավարձը դարձավ 1 միլիոն 320 հազար: Վայ, էդ աճը հաստատ գրանցել ենք էգ 5 տարիների ընթացքում»,- ասաց Սուսաննա Մուրադյանը:


«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ այս թանկացումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարալիզացված լինելու արդյունքն է: «Մենք պետք է փաստենք այս հանգամանքը և խոսենք այն մասին, որ իր բուն ֆունկցիան կատարելու փոխարեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ենթարկվում է մասնավոր բիզնեսի շահերին, տվյալ դեպքում մենաշնորհ ունեցող կազմակերպությունը, որն է էլեկտրական բաշխիչ ցանցերը, ուղղակիորեն իր պարտականությունները չկատարելով, հանրությանը հանձնաժողովի միջոցով թելադրում է իր պայմանները»,- ասաց Ռշտուն Մարտիրոսյանը:

Մանրամասները `տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031