Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում Դաշնությունում երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով ամառային հանգստի շրջանի մեկնարկի/ավարտի կապակցությամբ ՌԴ տարածք մուտք/ելք գործելու հաճախականության մեծացումը` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են ՌԴ տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով (էլ.հասցե) նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք:
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ժամանակին դիմել տեղի իրավասու մարմինների խորհրդատվությանը` ՌԴ միգրացիոն կանոններին հակասող գործողություններից խուսափելու նպատակով»: