Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո երազած տղու տե՞ղն ես քեզ դրել». Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին

Օգոստոս 01,2014 17:29

«Դու կարող է քո երազած տղու տեղն ես քեզ դրել: Նենց ես պատմում, ոնց որ թե մենք միլիցուն չէինք թողնում գնար, եկաք, տարաք: Քեզ հերոսի տե՞ղ ես դրել», -այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ի դեպքով վկա Արտակ Ավետիսյանին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում Շանթ Հարությունյանը ոստիկանի ցուցմունքից բարկացած՝ սկսեց գոռգոռալ, ինչի պատճառով դատական նիստը ընդմիջվեց եւ այդ նույն ոստիկանի հարցաքննությունը շարունակվեց ընդմիջումից հետո:

Այսօր դատարանում հարցաքննվեց գործով 19 վկա: Գրեթե բոլոր վկաներն էլ նույն բաներն էին պատմում՝ շեշտում, թե ինչպես են ծեծի ենթարկել քաղաքացիական համազգեստով ոստիկանին: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ չեն տեսել, միայն լսել են, թե ինչպես է մի քաղաքացի գոռացել՝ միլիցա է, ծեծեք:

Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց՝ դատարանում վկաների ներկայությամբ դիտել դեպքը արձանագրած տեսանյութը, պարզել՝ ծեծվող ոստիկանից ինչ հեռավորության վրա են գտնվել այդ հանգամանքի մասին պատմող ոստիկանները: Միջնորդությանը միացան նաեւ մյուս փաստաբանները:

«Բոլոր վկաները նույն բանն են ասում, բոլորն անխտիր լսել են: Մեր տեսանկյունից այդ հանգամանքը ստուգելու անհրաժեշտություն կա, առանց տեսանյութը դիտելու չենք կարող ստուգել վկայի ցուցմունքի ճշտությունը: Տեսանյութը հարկավոր է նայել, որ վկան ցույց տա իր գտնվելու վայրը»,- ասաց փաստաբան Հովհաննես Քոչարյանը:

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, թե տեսանյութերը, որպես ապացույց, որոնք ներկայացվել են, արդեն պատշաճ հետազոտվել են դատարանում, առկա են քրեական գործում, եւ դատավարության որեւէ մասնակից զրկված չէ այն կրկին դիտել, պատճենահանել:

Գործով ներգրավված մի քանի վկաներ էլ պատմեցին, որ իրենք ականատես չեն եղել միջադեպին, մինչեւ հասել են դեպքի վայր, ամեն ինչ արդեն ավարտված էր: Մի քանի այլ վկաներ էլ պատմեցին, որ իրենք մասնակցել են միայն ցուցարարներին բերման ենթարկելու գործընթացին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031