Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտագնա տուրիզմի հոսքը շատացել է»

Օգոստոս 01,2014 17:21

Զբոսաշրջիկները նախընտրում են այցելել Նորավանք, Տաթեւ, Զորաց քարեր
«Ներկա դրությամբ շուկան մրցակցային է, ինչն ավելի շատ վատ է»,- այսօր` օգոստոսի 1-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զբոսաշրջությանը, հայտարարեց «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը:

Նա համարում է, որ տուրիստական գործակալությունները պետք է ավելի շատ մտածեն Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, քան մրցակցության: Ռիմա Խաչատրյանի խոսքերով` այլ երկրներում խոշոր գործակալություններն իրար հետ են համագործակցում, որոշում են ընդհանուր մի գին եւ այդպես էլ աշխատում են, իսկ Հայաստանում այդպիսի ավանդույթ չկա.
«Շատ լավ կլինի, որ բոլորս մտածենք տուրիզմի մասին, ոչ թե մտածենք միայն գումար աշխատելու մասին: Եթե մեր երկրում էլ կարողանանք զարգացնել զբոսաշրջությունը, այստեղ, կարծում եմ, զբոսաշրջիկների պակաս չենք ունենա, բոլորս էլ կշահենք»:

Նա նշեց, որ զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են Նորավանք, Տաթեւ, Զորաց քարեր, եւ շատ են այցելում նաեւ Արցախ` Գանձասար, Շուշի, Ստեփանակերտ.
«Շատ մարդիկ ուզում են բիզնեսը զարգացնել, ուզում են գործնական հանդիպումներ ունենալ: Վերջերս շատ են մեզ առաջարկում, որ մենք գործնական սեմինարներ կազմակերպենք ու մարդիկ գան, այստեղ ինչ-որ ներդրումներ անեն, դա շատ լավ է»:

Տիկին Խաչատրյանը հայտարարեց, որ հայերը չնայած նախընտրում են ծովափնյա երկրներ, այցելում են ավելի մատչելի երկրներ. Էական նշանակություն չունի, դա որ երկիրն է, նրանք ընտրում են ամենամատչելի տարբերակը.
«Այս տարի արտագնա տուրիզմի հոսքը շատացել է, ես զգում եմ: Դրսից էլ են գալիս, նախորդ տարիների հետ, եթե համեմատենք, այս տարի հոսքը շատ է թե’ գնացողների, թե’ եկողների, թե’ հենց Հայաստանում հանգստացողների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031