Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Սառը պատերազմը կավարտվի ՌԴ-ի կապիտուլյացիայով»

Օգոստոս 01,2014 17:15

«Խնդիրն իր բուն պատճառն ունի՝ պատժամիջոցները, որոնք օգտագործվում են ՌԴ-ի դեմ, համարում ե՞նք արդարացված, թե՝ սխալ ու հանիրավի: Ես համարում եմ արդարացված: ՌԴ-ն իր վրա վերցրել է աշխարհաքաղաքական լուրջ բեւեռ դառնալու միսիա, որի ոչ տնտեսական, ոչ ժողովրդավարական, ոչ ժողովրդագրական, ոչ օրինական իրավունքներն ու հնարավորություններն ինքը չունի: Այդ համատեքստում իր հետ ներքաշել է նաեւ Հայաստանին եւ ՌԴ-ի վրա գործադրած ցանկացած պատժամիջոց ավելի վատ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, քան ՌԴ-ի»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հնարավոր զարգացումներ եւ արդյունքներ կունենա Հայաստանում ռուս-ամերիկյան առճակատումն, ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ զգուշացնելով ՀՀ կառավարությանը և գործարարներին, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:

Դրան հետեւեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պատասխանը . «Դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված սպառնալիքներ: (…)Կարծում ենք, որ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսը վարելու հարցերում և կարիք չունեն այլոց հուշումների: Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերություններն, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում, ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը»:

«Ընդհանուր համատեքստում, Հայաստանի տնտեսությունը դրանից սոսկալի տուժելու է՝ սկսած տրանսֆերտների Հայաստան գալուց, վերջացրած ռուսական այն հիմնարկ-ձեռնարկությունների, որոնք առանց այն էլ այստեղ ներդրումներ չէին անում, աշխատեցնում-մաշեցնում էին, որ դեն շպրտեն ու գնան, հիմա, ընդհանրապես, էդ էլ չեն աշխատեցնելու: Գործազրկություն եւ այլն, ինչը շատ վատ է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ՌԴ-ն Եվրասիական միությամբ Եվրոպական միությանն իրեն այլընտրանք է համարում՝ հարց հնչեցնելով. «Ինչի՞ն է այլընտրանք: Եվրամիությունը դա ժողովրդավարություն է, մարդու իրավունքներ, ազատ դատական եւ շուկայական համակարգ, տնտեսության մեջ մրցակցություն, գիտական ներուժի լուրջ ֆինանսավորում: ՌԴ-ի այլընտրանքը դրան ո՞րն է: Ժողովրդավարությունդ է մշտական նույն, ցմահ նախագահներ ունենա՞լը, կոռումպացված դատական համակա՞րգը, շուկայական տնտեսությունում մոնոպոլիաներ, օլիգարխներ ունենա՞լը: Այս երկուսի մեջ մենք պետք է ընտրություն կատարենք: Բազմաթիվ են քաղաքական ուժերը, այդ թվում իշխանական ու ոչ իշխանական, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են հենց ռուսական ուղու հետ: Կան ուժեր, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են դրանից դուրս, որոնցից է նաեւ «Հանրապետությունը»: Եվ ինչ ուզում են ասեն՝ առաջիկա հերթական, թե արտահերթ, խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում հիմնական բանավեճը լինելու է այս ուժերի մեջ եւ այս գաղափարի շուրջ»:

Հայաստանում ռուս-ամերիկյան հակամարտությունից ինչ-որ կերպ անվնաս դուրս գալու հնարավորություն, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանը չունի: Թե ինչքա՞ն կխորանա գործընթացը՝ հարցին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինձ թվում է սառը պատերազմի այս գործընթացը, որը սկսվել է, կավարտվի Ռուսաստանի կապիտուլյացիայով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արամ Սարգսյանի հետ հարցազրույցի այլ մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031