Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր նախարարությունում անդրադառնալով հուլիսի լույս 30-ի գիշերը Արտաշատի հիվանդանոցում մահացած նորածնի հարազատների եւ բժիշկների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Բժիշկն էլ, մնացածների պես, սովորական մարդ է, եւ եթե ուժի գործադրում է լինում նրա հանդեպ, նա ոչ թե բարոյական իրավունք ունի զուտ մարդկային տեսանկյունից, այլ իրավունք ունի էմոցիոնալ լարվածություն վերապրել եւ անգամ թույլ տալ էթիկական սխալներ: Ես չեմ կարծում, որ բժիշկն իրավունք ունի սպառնալու կամ ֆիզիկական ուժ գործադրելու, բայց ես, կրկնակի անգամ ավելի մեղադրում եմ այն մարդկանց, որոնք բժիշկներին, առանց համապատասխան, հիմնավորված մեղադրանքների, կարողանում են սպառնալ եւ ֆիզիկական հաշվեհարդար են փորձում նրանց հանդեպ տեսնել»:
Նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում
Պարոն Մուրադյանը, 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսում, անդրադարձավ նաեւ բժշկի էթիկային: Հարցին, թե նախարարն ինչպե՞ս է վարվելու այն բժիշկների հետ, որոնք հիվանդին ուղղորդում են կոնկրետ դեղատուն դեղ գնելու, կամ կոնկրետ ֆիրմայի կաթնախառնուրդներ են նշանակում նորածիններին, ինչ է թե՝ իրենք այդ ֆիրմայի հետ համագործակցում են, Արմեն Մուրադյանն ասաց, որ այսօր անհրաժեշտություն կա օրենքով ամրագրել բժշկի կարգավիճակը, նրա իրավունքները, պարտականությունները, էթիկական վարքագիծը, եւ նաեւ բժշկի հանդեպ իրավունքներն ու պարտականությունները:
Ինչ վերաբերում է բժշկական սխալներին, որոնք մեր երկրում ոչ միշտ է, որ արդարացի լուծում են ստանում եւ մեղավորները պատժվում են, պարոն Մուրադյանը նկատեց, որ բժշկական սխալը իրավական գնահատական է. «Այս գործառույթն իրականացվում է դատական կարգով եւ մեղադրանքներ առաջադրել, լրատվական միջոցներով պատվազրկել, պախարակել մինչեւ դատավճիռը, կարծում եմ, ոչ կոռեկտ է եւ անթույլատրելի»:
Կարդացեք նաև
Պարոն Մուրադյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ